Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա շատ մտահոգիչ մի պահ այս Սահմանադրությունում». Շահնազարյանը՝ դրական եւ բացասական կողմերի մասին

Հոկտեմբեր 13,2015 15:49

Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ինքը կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց կա մի այսպիսի պնդում՝ հիմա ժամանակը չէ Սահմանադրություն փոխել. «Գործող Սահմանադրությունն ընդհանրապես բացառում է Հայաստանի որեւէ էվոլյուցիոն զարգացում: Թեկուզ այն իմաստով, որ փաստորեն այն իշխանափոխության հնարավորություն չի տալիս: Ընտրությունով իշխանություն չի փոխվում: Ընդդիմությունը մի ընտրություն հաղթելով՝ իշխանափոխություն չի իրականացնում: Պատկերացրեք, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, նախագահը մնում է նույնը, ոչինչ չի փոխվում»:

Նրա խոսքերով՝ գաղտնիք չի, միշտ էլ գործող իշխանությունները փորձել են իրենց օգտին փոխել Սահմանադրությունը. «1995-ի Սահմանադրությամբ ուժեղացված էր նախագահի ինստիտուտը եւ այն բերեց նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

2005-ին նախագահից դեպի վարչապետի ինստիտուտ լիազորությունների տարածում եղավ, որովհետեւ Քոչարյանը մտադիր էր բերել կառավարություն իր ստեղծած ԲՀԿ-ն: Չշփոթեք այն այս ԲՀԿ-ի հետ: Բայց չհաջողվեց դա անել 2007-ին»:

Խոսելով այս սահմանադրական փոփոխությունների մասին, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այն, ըստ էության, փակում է նախորդ նախագահների ճանապարհը՝ գալ իշխանության: «Այսօր ողջ իշխանությունը մի անձի՝ նախագահի ձեռքում է, իսկ այս Սահմանադրությամբ կլինի նախագահի, վարչապետի, որոշների կարծիքով ԱԺ նախագահի ձեռքում, թեեւ այդ կարծիքի չեմ: Բայց դա դրական է»:

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ըստ Շահնազարյանի, 89 հոդվածն է, բայց դրանից շատ իրեն մտահոգում է 205 հոդվածը. «Կա շատ մտահոգիչ մի պահ՝ չի երաշխավորում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ 205 հոդվածն է: Սա համարում եմ չափազանց վտանգավոր կետ, ինչո՞ւ պետք է ինչ-որ հանրաքվեով տարածքը փոփոխվի: Տարածքային ամբողջականությունը չշփոթեք սահմանների անձեռնմխելիության հետ, դրանք տարբեր միջազգային իրավունքներ են: Սահմանները ճշգրտման հարցեր են: Այստեղ մեծագույն վտանգ եմ տեսնում: Ցավալին այն է, որ ոչ իշխանական ուժերից ոչ մեկը այս հարցը չբարձրացրեց, եթե չեմ սխալվում, միայն Քոքոբելյանն էր: Ստացվում է, որ թե այո-ի, թե ոչ-ի կողմնակիցները արհամարհում են այս հարցը, այսինքն, իշխանությունն ավելի կարեւոր է, քան պետականությո՞ւնը: Մեր պետականության ատրիբուտներից մեկը՝ ազգային դրամը նույնպես կարող է փոխվել»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ նշեց, որ անընդհատ փորձ է արվում Սահմանադրության ոչ-ի եւ այո-ի միջոցով ինչ-որ գիծ գծել՝ փորձելով տարանջատել իշխանություն, ընդդիմություն. «Այսօրվա այո ասողների մեջ հնարավոր է՝ ավելի շատ ընդդիմադիրներ կան եւ ավելի շատ իշխանություններ՝ ընդդիմության մեջ»: Ըստ նրա, ԵՏՄ-ի անդամակցության քվեարկությունը ցույց տվեց ընդդիմադիրների եւ իշխանության այդ սահմանագիծը:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ չեն դատարաններն այսօր անկախ: Մի՞թե դա էլ է նախագահի որոշմամբ: Մի՞թե երեք նախագահները մի ցանկություն ունեին՝ պահել իրենց իշխանությունը: Հասկացեք, իշխանափոխությունը մարդափոխություն չի, համակարգը պետք է փոխել»:

Նա հույս հայտնեց, որ ժամանակը կգա եւ ոչ ասողները իրենք էլ կհասկանան, որ ճիշտ էր կողմնակից լինել այս փոփոխություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031