Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների գնդակոծության տակ փորձում են փրկել խաղողի մի մասը

Հոկտեմբեր 13,2015 15:40

Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի սահմանամերձ «Ուռի հողեր» տարածքի խաղողի այգիների տերերը փորձում են փրկել բերքի գոնե մի մասը: «Ուռի հողերում» բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է  այգեհովտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:

Այգեհովտի բնակիչ, նախկինում «Արարատ» ֆուտբոլային թիմի փոխարինող կազմի խաղացող Սամվել Համզյանն ասաց, որ այդ տարածքում այգեհովտցիները մշակել են խաղողի 22 հա այգի, սակայն բերքը չեն կարողանում հավաքել: Նրա խոսքերով՝ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով նույն տարածքում 12 հա խաղողի այգի չի մշակվում: Այգեհովիտ գյուղից ներքեւ գտնվող ջրամբարի մոտ նույն պատճառով անմշակ է մնացել 10 հա տարածք:

Ս. Համզյանը տեղեկացրեց, որ ինքն ու համագյուղացիները մեծ ծախսեր եւ զրկանքներ են կրել խաղողի այգիները մշակելու համար, ասելով. «Օգոստոսի 29-ին խաղողի 1.5 հա այգին 11-րդ անգամ սրսկել եմ: 600 լիտր բուժանյութը 6 կմ ձեռով կրել եմ»: Նա  մշակած 1.5 հա այգուց նախատեսում էր ստանալ 20 տոննա խաղող: Խաղողի ողկույզների 30-40 տոկոսն արդեն փտել է, երբ փորձում են դրանք քաղել, ճութից պոկվում, թափվում են գետնին: Գերհասունացած խաղողը դառնում է մեղուների, մժեղների բաժին:

Ս. Համզյանն ասաց, որ խաղողագործները փորձում են բերքի մի մասը փրկել, խաղողը պարկերով շալակած կամ սայլակներով այգուց հանել: Սակայն ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խաղող քաղողներին:

Համզյանը պատմեց. «Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.45-ին սկսեցին կրակել մեր վրա: Հոկտեմբերի 11-ին զարմացանք, որ նրանք խախտել են կրակի ռեժիմը ու այդ օրը չեն կրակում: Սակայն ժամը 15-ի սահմաններում կրակ բացեցին»:

Ս. Համզյանը, որն ակտիվորեն մասնակցել է ազատամարտին ու դրա համար պարգեւատրվել, ասում է, որ այդ հատվածը հսկող հայ սահմանապահները պատասխան կրակ չեն բացում այգին գնդակոծող ադրբեջանական զինուժի վրա, սոսկ այգեհովտցիներից պահանջում են լքել խաղողի այգին: «Ո՞ւր գնամ, ո՞ւմ թողեմ իմ այգին, տունս»՝ հուզված ասում է նա:

Համզյանի  վկայությամբ՝ խաղողի այգիների տերերը՝ 5- 6 հոգով, երկու անգամ ընդունելության են եղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ: Մարզպետը  լավ է ընդունել , հայտնել, որ պետական բյուջեից հատկացված 66 միլիոն դրամով արդեն փոխհատուցվել է ադրբեջանական գնդակոծություններից  Տավուշի մարզի բնակելի ֆոնդի կրած վնասները: Հ. Աբովյանը հայտնել է, որ կառավարության նիստում կքննարկվի այգեհովտցի խաղողագործների վնասների փոխհատուցման խնդիրը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031