Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Առաքելյանի մեղադրանքները ՀՅԴ-ին

Հոկտեմբեր 13,2015 14:56

«Այս բարեփոխումներն օրակարգ եկան 2013 թվականին, երբ ՀՀ-ն որոշեց ԵԱՏՄ-ին անդամակցել ու տնտեսական կուրսի ամբողջական փոփոխում եղավ մեկ անձի որոշմամբ: Սա, կարծում եմ, էական դերակատարում է ունեցել: Միանձնյա կառավարման համակարգը 25 տարի չի արդարացրել: Կոլեգիալ որոշումների դեպքում մեր կառավարման համակարգի արդյունավետությունը կավելանա»,-այսօր «Մեդիա կենտրոնում»` «Դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ. սպասվող հանրաքվե» թեմայով քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀՅԴ կուսակցության անդամ Սուրեն Պարսյանը:

Դա դուր չեկավ քննարկմանը մասնակից մյուս երկու բանախոսներին` հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանին եւ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր, իրավաբան Արմինե Առաքելյանին:

Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները հնարավորություն ունեին ԵԱՏՄ-ին դեմ քվեարկեն, բայց ամբողջ բեռը դնում են այն անձի վրա, որ միանձնյա որոշում է կայացրել` չդիմանալով «Պուտինի գայթակղությանը»: «Ձեր քվեարկությամբ իրավիճակ փոխեիք»:

Արմինե Առաքելյանն էլ առհասարակ առաջարկեց քննության ենթարկել ՀՅԴ-ի գործունեությունը մի շարք հարցերում` սկսած ներքին ժողովրդավարությունից, մինչեւ վերջին խորհրդարանական մի քանի քվեարկությունները:

Սուրեն Պարսյանը նաեւ վստահ է, որ առաջարկվող համամասնական համակարգով հնարավորություն է տրվում կուսակցական համակարգը զարգացնել: Նաեւ գտնում է, որ պրակտիկ կյանքում Սահմանադրությունը հնարավորություն է տալիս որոշակի սոցիալական խմբերի համար հարցեր լուծել: «Նախագիծը, օրինակ, բնակարան ունենալու հնարավորություն է տալիս, տեսախցիկների հետ կապված հարցեր կան, որ հնարավորություն է տրվում մինչեւ ակտ կազմելը լսել կողմին: ՏԻՄ մասով լավ բաներ կան եւ այլն: Հակակշռման մեխանիզմների հնարավորություն կա»:

Հարցին`կա՞ հետխորհրդային մեկ երկիր, որտեղ խորհրդարանական համակարգի անցումը հնարավորություն տվեց զարգացնել կուսակցական համակարգը, Սուրեն Պարսյանը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ, սակայն, պահպանված է նախագահի ուղղակի ընտրական համակարգը: Վրաստանում ի հայտ եկավ Իվանիշվիլին ու Սահակաշվիլուն հնարավորություն չթողեց ի կատար ածել իր ցանկությունը` մնալով վարչապետ` իշխել երկիրը:

Նա գտնում է, որ «Ոչ»-ի կողմնակիցներին բացառիկ իրավունք է տրված կարծիք հայտնելու «Այո»-ին հավասար: Վստահ է, որ իշխանությունը խնդիր չունի հանրաքվեն կեղծել, 25 տոկոս կմասնակցեն: Հիշեցնենք, որ հանրաքվեի մասին օրենքով 24 տոկոս, գումարած մեկն արդեն հանրաքվեն կայացած է համարում: «Եկեք օգտվենք հավասար հնարավորություններից»,- ընդդիմախոսներին հորդորեց նա:

Մինչ այդ, սակայն, իր եւ Արմինե Առաքելյանի միջեւ բուռն բանավեճ էր եղել: Արմինե Առաքելյանն անընդհատ քննադատում էր ՀՅԴ-ին` իր ոչ ժողովրդավար պահվածքի, իշխանության ձգտելու համար. «Ուզում եք 50 հատ սիրուն Սահմանադրություն գրեք, զսպող մեխանիզմներ չկան: Դուք հիմա ֆանատի դեր եք խաղում, ՀՅԴ-ն: Քննադատական միտք չկա, այլախոսներ չկան: Եթե կուսակցություններում բաց չի բանավեճը, մենք ինչպես կարող ենք…»: ՀՅԴ-ի ներկայացուցիչը փորձում էր հակադարձել, ինչի համար էլ արժանացավ տիկին Արմինեի նախատինքին.

«Կուսակցությունը եկեղեցի չի, որ ցմահ սրբություն համարվի: Կուսակցությունները այլեւս ժամանակավրեպ են նաեւ Եվրոպայում»:

Արմինե Առաքելյանը տղայական մոտեցում է համարում այն, որ Սերժ Սարգսյանը մեկ հոգով մեզ տարավ չարիք` ԵԱՏՄ ու զարմանում է, որ ոչ մեկը չկարողացավ դեմն առնել, բայց հիմա էլ, իբր լուծում է գտնվել եւ նման բաները կանխելու համար, կոլեգիալ կառավարում է առաջարկվում: Հայաստանում ընդհանուր ժողովրդավարության գործընթացում նա համարում է, որ բոլոր տեսակի գործընթացը նույնքան կարեւոր է, որքան նպատակը, որին ձգտում ես. «Ժողովրդավարությունը սկզբունք է, այն ոչ ներմուծելով է, ոչ էլ Սահմանադրություն փոխելով: Կուսակցական ղեկավարներից ո՞ր մեկն է ձգտում հավասար լինել իր «ջիպով»: Արամ Մանուկյանը, երբ ոստիկանները փորձում էին իրեն ձերբակալել, ես կսիրեի, եթե նա իրեն հավասար համարեր, նստեր ու գնար, ոչ թե անձեռնմխելիություն խաղացներ: Այլապես պարազիտներ են, որոնց պետք է վերացնել ամեն ձեւով: Ամենը ձգտում են արտոնյալ իրավիճակի, մինչդեռ ժողովրդավարությունը հավասարություն կիրառելն է»:

Սուրեն Պարսյանը փորձում էր հստակեցնել` ի՞նչ նկատի ունի տիկինը` հավասարություն ասելով, քանի որ իր ձեւակերպումներն աբստրակտ են: Ըստ նրա, մարդիկ օրենքի առջեւ հավասար պետք է լինեն, ոչ թե խելքով կամ ունեցվածքով: Նա նկատեց, որ Արամ Մանուկյանն օրենքով, Սահմանադրությամբ ինքն ուներ արտոնյալ կարգավիճակ:

«Բանտից դուրս եք եկել, ինչպե՞ս եք իրականացրել, քանի՞ արհմիություն ունեք»,- ՀՅԴ-ին ուղղված իր նախատինքները շարունակում էր Արմինե Առաքելյանը` փաստելով, որ ՀՅԴ-ն երբեւէ ժողովրդավար չի եղել անգամ իր ներսում:

«Կուսակցությունները արհմիություն չունեն: Մենք նախարար ենք ունեցել` Արսեն Համբարձումյանը, միակ նախարարն էր, որ դեմ էր քվեարկել կուտակայինին»,- հակադարձեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Բանախոսները տեւական ժամանակ միմյանց մեղադրում էին հավասարությունը չհասկանալու մեջ: Վերջապես Արմինե Առաքելյանը մարտահրավեր նետեց. «Բոլորդ կամ չեղյալ կհամարվեք կամ դռները կբացեք 50 տոկոս կանանց առջեւ, 50 տոկոսից ավել ընչազուրկ գյուղացիներին, որոնք ժողովրդի մասն են: Անընդհատ մի միջամտեք, սա ոչ ԱԺ-ա, ոչ էլ արական կուսակցական դաշտն ա»:

Քննարկման մասնակիցներից Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ականները բանտից ազատվել են քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով. այլ փաստական հիմք չկա` ի հեճուկս այն պնդումների, որ իրենք բանտարկված են եղել եւ շատ գործընթացներից անմասն են մնացել:

«Ցավում եմ, որ քննարկման ուղղությունը շեղվեց եւ իմ խոսքերը այլ կերպ ընկալվեցին: Սխալ եմ համարում քաղաքական եւ քաղաքացիական ուժերի առճակատումը` մենք լավ ենք, դուք վատը: Կանանց մասնակցությանը դեմ չեմ, համամիտ եմ, որ թույլ է: Համամիտ եմ նաեւ սոցիալական հարցերի առումով հնչած մտքերին: Խնդիրն այն է, որ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում ու իրեն է փորձում արտոնյալ վիճակի մեջ դնել` չհանդուրժելով կամ պիտակավորելով դիմացինի կարծիքը»,- բանավեճը եզրափակեց Սուրեն Պարսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031