«Ես այսօր գրավոր իմ պատասխանը կտարածեմ, նաեւ ինձ ուղարկված նամակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին հայտարարությանն ու դրան հաջորդած գործընթացներին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը գործն ուղարկել է արդեն 6-րդ վարչություն:
Թե ինչ նամակ է պատրաստվում գաղտնազերծել Լեւոն Զուրաբյանը՝ նա չմանրամասնեց՝ խոստանալով, որ բոլոր հարցերի պատասխանը կգտնենք իր գրավոր նամակի մեջ:
Նա այսօր հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելու դեպքում Գագիկ Հարությունյանին խոստացել են ՀՀ նախագահի պաշտոնը: Թե որտեղի՞ց դա գիտի՝ պատասխանեց. «Մենք առավելություն ունենք բոլորի նկատմամբ, շատ լավ տիրապետում ենք նրանց քաղաքական լաբորատորիային: Մենք գիտենք, որ Գագիկ Հարությունյանը հենց այնպես չի խախտում Սահմանադրական դատարանի նախագահի իր առաքելությունը: Ինքը խախտում է, դա ակնհայտ է, շահերի բախում է սա: ՍԴ նախագահը պետք է լիներ բացարձակ Սահմանադրության չեզոք պահապանի դերում: Նրա խնդիրը պետք է լիներ գործող Սահմանադրության անհերքելի պահպանումը: Դա է նրա գլխավոր առաքելությունը: Իսկ գործող Սահմանադրության փոփոխությանն ուղղված քայլեր կատարելը, ըստ էության դառնալով կողմ այդ փոփոխություններին, նրան հանում է Սահմանադրության եւ օրենքի չեզոք պահապանի վիճակից եւ առաջացնում է շահերի բախում, որն էապես խարխլում է նրա վստահությունը՝ որպես պետական եւ կպարզվի նաեւ՝ քաղաքական գործիչ: Ինքը հենց այնպես չի դուրս եկել այդ չեզոք պահապանի առաքելությունից: Զբաղվում է նոր Սահմանադրության ակտիվ լոբբինգով: Նրան խոստացել են, որ Սահմանադրության ընդունումից հետո ինքն է ընտրվելու ՀՀ նախագահ»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե լաբորատորիայից այդքան տեղյակ եք, նրա պաշտոնում ո՞ւմ են դնելու՝ Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր քննարկվող հարցերի համար դա էական է»:
Ինչ վերաբերում է դատախազության գործելաոճին՝ Լեւոն Զուրաբյանը տարակուսանք հայտնեց՝ մենք Մարտի 1-ի փաստահավաք խմբի եզրակացությունն ուղարկել ենք դատախազություն, համակարգային կոռուպցիայի մասին հարցապնդումը՝ 30 էջանոց փաստաթուղթ, կոնկրետ փաստերով պետական պաշտոնյաների կաշառակերության մասին. «Ինչո՞ւ այդ բոլոր հայտերի վերաբերյալ ոչ մի հետաքրքրություն չեք դրսեւորել եւ ոչ մի փաստ չեք փորձել ուսումնասիրել: Ինչո՞ւ եք հիմա փորձում իրավական ընթացք տալ քաղաքական մեղադրանքին»:
Հարցին՝ Դուք պարզապես քաղաքական հայտարարությո՞ւն էիք արել, կարծում էիք, որ Ձեր հայտարարությունն իրավական հետեւանք չպիտի՞ ունենար՝ նա խոստացավ բոլոր հարցերի պատասխանը տալ իր նամակում, որը կհրապարակի այսօր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ