Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի անունով

Հոկտեմբեր 13,2015 14:08

Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում՝ միայնակ գերեզմանի մոտ միշտ ծածանվում է Հայոց եռագույնը: Շիրիմը Հակոբ Խաչատրյանինն է, ով իր մարտական ընկերների՝ Էդուարդ Հայրապետյանի և Արշակ Հարությունյանի հետ մարտիրոսվեց Արցախի հյուսիս-արևմտյան սահմանում 2015 թ. մարտի 19-ին՝ հայրենի երկիրը և Հայոց եռագույնի պատիվը պաշտպանելիս:

Աղաձորի միջնակարգ դպրոցի շրջանավարտ և Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Հակոբը դպրոցական տարիներին զբաղվում էր սպորտով, մասնակցում ինտելեկտուալ խաղերի, և նրանց թիմը գրեթե միշտ հաղթող էր ճանաչվում շրջանային ու հանրապետական փուլերում, և շատ ժամանակ՝ ի շնորհիվ Հակոբի: Աղաձորի հարևան Իշխանաձոր գյուղի Հովհաննես Թումանյանի անվ. միջն. դպրոցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ վերանորոգվեց ինտերնետ-ակումբի համար նախատեսված տարածքը:

Իսկ Երևանի պետական համալսարանը հատկացրեց համակարգիչներ ու համապատասխան գույք: Համալսարանի ռազմավարական ուսումնասիրության կենտրոնն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է նաև Քաշաթաղի շրջանի դպրոցների ու մշակութային օջախների հետ, կազմակերպում ինտելեկտուալ խաղեր, օժանդակում կրթօջախներին: Կենտրոնի նախաձեռնությամբ ինտերնետ-ակումբը որոշվել էր անվանակոչել Հակոբ Խաչատրյանի անունով: Հոկտեմբերի 12-ին, կենտրոնի ներկայացուցիչ Ալվինա Աղաբաբյանի գլխավորությամբ, համալսարանի բարձր կուրսերի ուսանողներից և «Արմսես» գիտակրթական կենտրոն հ/կ-ի համահիմնադիրներն այցելեցին Իշխանաձոր, որտեղ կայացավ անվանակոչությունը: Բերձորից ուղեկցեցի մեր բարեկամներին:

Մինչ Իշխանաձոր հասնելը՝ հյուրերը ծանոթացան Քաշաթաղի շրջանի հարավային մի շարք համայնքների բնությանը, կանգ առան Արցախյան գոյամարտի տարիներին տարածքում մարտիրոսված հայորդիներին նվիրված հուշաքարերի մոտ: Ա. Աղաբաբյանը տեղեկացրեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ Արցախում են. անցել են Շահումյանի շրջանով, Եղեգնուտ գյուղում այցելել դպրոց, մասնակցել դպրոցականների հանդեսին: Այցելել են նաև մի շարք զորամասեր, զրուցել սպաների ու զինվորների հետ:

Հասնում ենք Իշխանաձոր, որտեղ դպրոցում կայացավ անվանակոչությունը, որին ներկա էին Հակոբի ծնողները՝ Գայանե և Գագիկ Խաչատրյանները, քույրը՝ Աղաձորի դպրոցի օտար լեզվի ուսուցչուհի Նաիրա Խաչատրյանը, Աղաձորի և Իշխանաձորի գյուղական համայնքների ղեկավարներ Մկրտիչ Հարությունյանը, Արսեն Թելունցը, դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ, հարևան զորամասի ներկայացուցիչներ:

Այստեղ էին նաև ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից եկած 3 բժիշկ՝ ամուսիններ Կարինե Լեփեջյան-Վասիլյանն ու Վաչե Վասիլյանը և Կարո Խաչիկյանը, ովքեր այդ օրվա ընթացքում Իշխանաձորի բուժկետում ընդունել էին հիվանդների և բժշկական միջամտություն ցուցաբերել 30-ից ավելի այցելուների: Իշխանաձորի դպրոցականները ելույթով ողջունեցին միջոցառման մասնակիցներին, ներկայացրեցին Հակոբի ընդամենը 20-ամյա, սակայն միշտ հիշվող կենսագրությունը:

DSCN6698

Չնայած հարևան գյուղից էր Հակոբը, սակայն Իշխանաձորի դպրոցականները լավ էին ճանաչում նրան, և պատահական չէր, որ հուզվում էին քաջի մասին խոսելիս. 10-րդ դասարանցի Ելենա Բալունցը չկարողացավ զսպել արցունքները:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը նույնպես ներկայացրեց Հակոբին, խոսեց այս 2-3 տարիներին սահմանում թշնամու ակտիվացման մասին՝ կարևորելով մեր զինվորների մարտունակությունը և ցավ հայտնեց, որ արդեն քանի քաջորդի՝ Հակոբի նման, տուն են վերադարձել անմահության ճանապարհով:

Այնուհետև ընթերցեց շրջվարչակազմի ղեկավարի թիվ 114-Ա որոշումը՝ ինտերնետ-ակումբը Հակոբ Խաչատրյանի անունով անվանակոչելու մասին, իսկ Աղաձորի միջն. դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանին հանձնեց շրջվարչակազմի պատվոգիրը: «Արմսես» գիտակրթական կենտրոն հ/կ-ի համահիմնադիրներից Սիրանուշ Մելիքյանն իր խոսքում փառք տվեց մարտիրոս տղաներին՝ արտասանելով Շիրազի հայտնի «Էքսպրոմտ»-ը. «Մենք հպարտ էինք մեր լեռների պես»:

DSCN6809

Հանդիսավոր մասից հետո ակումբի դռան մոտ փակցվեց ցուցանակը, և ներկաները մտան ներս: Հակոբի հայրը, խոսելով որդու և նրա մարտական ու նահատակ ընկերների մասին, կարևորեց, որ դադարեն պատերազմները, ողջ աշխարհում տիրի խաղաղություն, իսկ հաղթանակներ տոնենք միայն գիտության, մշակույթի, սպորտի, բարեկամության բնագավառներում: Մաղթեց, որ այլևս մեր զինվորներից ոչ ոք չզոհվի, բոլոր տղաները տուն վերադառնան, ուրախացնեն իրենց ծնողներին ու հարազատներին, և ոչ մեկին չի ցանկանում իր վիշտը: Այնուհետև ԵՊՀ ուսանողները հարցազրույց անցկացրեցին Հակոբի ծնողների ու քրոջ հետ, ծանոթացան նրանց ընտանիքի պատմությանը, թերթեցին ընտանեկան լուսանկարների ալբոմը, որտեղ հիմնականում Հակոբի լուսանկարներն են: Ուսանողները ծանոթացան ու զրուցեցին աշակերտների հետ, հետաքրքրվեցին նրանց առօրյայով: Իշխանաձորի միջն. դպրոցի տնօրեն Նազելի Եղիկյանը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին՝ դպրոցին մշտապես աջակցելու, հատկացված մարզական գույքի, ինտերնետ-ակումբի կայացման համար: Կարևորեց, որ քաջորդու անունով կոչվեց ինտերնետ-ակումբը, որտեղ հաճախելու են տարածքի դպրոցականները, երիտասարդները, զինվորականները:

Երեկոյան համալսարանականները հրաժեշտ տվեցին Իշխանաձորին՝ հավաստելով, որ Երևանի պետական համալսարան-Քաշաթաղ կապը լինելու է հաստատուն: Երբ վերադառնում էինք, Ալվինա Աղաբաբյանը տեղեկացրեց՝ «Արմսես» գիտակրթական կենտրոն հ/կ-ի անդամներով՝ ինքը, Էդգար Էլբակյանը և Սիրանուշ Միքայելյանը, ունեն ծրագիր՝ 2014-2015 թվականների ընթացքում սահմանում նահատակված տղաների մասին գիրք հրատարակել: Ներկա ուսանողներից յուրաքանչյուրը գրելու է մի մարտիրոսի մասին: Վերադարձը նույնպես եղավ ճանաչողական. համալսարանականներին ուղեկցեցի շրջանի Հայկազյան համայնքի պատմամշակութային հուշարձաններ, անցանք Որոտանի կիրճով: Չնայած արդեն մութ էր, բայց կանգ առանք 19-րդ դարում կառուցված երկթռիչք քարե կամարակապ կամրջի մոտ: Էդգար Էլբակյանն ուսանողներին տեղեկացրեց, որ կամուրջը կոչվում է Լալազարի անունով («Լալազար» կամուրջ) և պատմեց հայ բարեգործի, նրա որդու մասին, ում հովանավորությամբ է կառուցվել այն, վերանորոգվել, և քոչվորների ապերախտության մասին, որ ջնջել են կամրջի շինարարության մասին պատմող արձանագրությունը: Համալսարանականները հավաստեցին, որ շուտով կտպագրվի գիրքը:
Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031