Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուզիչ տեսարան էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի ոխերիմ թշնամիները պահում են նրա խոսքերը». Զուրաբյանը՝ Մինասյանին

Հոկտեմբեր 13,2015 14:07

Այսօր սահմանադրական փոփոխությունների մասին հանրային քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գրպանից հանեց մի թուղթ եւ կարդաց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 94-ի ապրիլի 25-ի Սահմանադրության ընդունման եղանակի մասին ելույթից հատված:

Ելույթում մասնավորապես ասվում էր. «Ո՞րն է այդ գաղափարի հիմքը. ընդդիմության տեսակետից՝ Հայաստանի ներկա իշխանությունները վերածվել են հանցագործ խմբակցության, թայֆայի, քայքայել են հանրապետության տնտեսությունը, սերտաճել մաֆիայի հետ, դավաճանել ազգային դատին, ծախել Ղարաբաղը, կորցրել մեր ավանդական դաշնակիցներին եւ այլն, ուստի անհրաժեշտ է թեկուզ փողոցային խռովությունների ու կախաղանների միջոցով նրանց հեռացնել ասպարեզից եւ կոալիցիոն կառավարության օգնությամբ ազգը փրկել անխուսափելի կործանումից։

Երբ ընդդիմությանը հիշեցվում է, որ Հայաստանի ներկա իշխանություններն ընտրվել են օրինական ճանապարհով, նա պատասխանում է՝ ընտրությունները տեղի են ունեցել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ հանդիսացել են ոչ այնքան քաղաքական գիտակցության, որքան ժողովրդի զգացմունքային վերաբերմունքի արդյունք։

Երբ ասվում է, որ գործող կառավարությունից, առկա օրենսդրության շրջանակներում, կարելի է ազատվել խորհրդարանի կողմից [ էջ ]նրան անվստահություն հայտնելու միջոցով, ընդդիմությունը հակաճառում է՝ ներկա խորհրդարանը չի արտահայտում հասարակության մեջ առկա քաղաքական ուժերի ճիշտ հարաբերակցությունը, ուստի անվստահության մեխանիզմն անհնար է կիրառել։

Իսկ երբ խոսք է գնում նոր ընտրությունների միջոցով այդ հարցը լուծելու մասին, ընդդիմությունը նորից առարկում է, ասելով, թե ի սկզբանե պարզ է, որ իշխանությունները կկեղծեն ընտրությունների արդյունքները։

Եթե մի պահ անգամ ընդունելու լինենք իշխանություններին հասցեագրված այս անողոք մեղադրանքների ճշմարտացիությունը, ապա դեռ մեծ հարց է, թե որքանով է արդարացված ու փրկարար իշխանության ձեռքբերման ընդդիմության առաջարկած ուղին։ Մի՞թե ակնհայտ չէ, որ իշխանության անօրինական փոփոխման վտանգավոր նախադեպը ոչ այնքան կհարվածեր ներկա իշխանություններին, որքան կործանարար կդառնար Հայոց պետականության ապագա կայունության համար։ Մենք՝ Հայոց անկախ պետականության առաջին իշխանավորներս, մեր առօրյա պարտականությունների կատարումից, կառավարման ու վերահսկողության լիազորությունների իրականացումից, Սահմանադրության եւ օրենքների ընդունումից բացի, պարտավոր ենք դնել նաեւ պետական ավանդույթների ամուր հիմքերը, որոնցից ամենահիմնականը ընտրությունների հոգեբանության արմատավորումն է:Ուստի, այսպես կոչված ազգային համաձայնության կայացման եւ ներկա իշխանություններից ազատվելու միակ օրինական, միաժամանակ ամենակարճ ճանապարհը Սահմանադրության ընդունումն ու նոր ընտրություններն են»:

Արծվիկ Մինասյանն ասաց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը վերադարձվում է ձեզ, հարգելի՛ ժողովուրդ: Գտեք երկու տարբերություն այսօրվա եւ նախկինի միջեւ:

Լեւոն Զուրաբյանը խնդիրը լուծեց եւ գտավ տարբերություն: Նրա խոսքերով. «Հուզիչ տեսարան էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոխերիմ թշնամիները պահում եւ մեջբերում են Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ ընտրություններով ձեւավորված ԱԺ-ի եւ նախագահի լեգիտիմությանը ոչ ոք չէր կսկածում, իսկ այդ խոսքերը հնչել են 94-ին: 95-ին ՀՀ-ն ընդունեց, իսկ 94-ին պատրաստվում էր ընդունել իր առաջին Սահմանադրությունը, որի կարիքը երկիրն ուներ: Ամեն երկիր կարիք ունի Սահմանադրության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031