Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում. Ա. Աշոտյան         

Հոկտեմբեր 13,2015 13:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը: Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին.

«Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի: Բժշկական համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված է սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունը և երախտապարտ են՝ ստացած գիտելիքների, դեպի կյանք տրված ուղեգրի ու այս պատերի ներքո ձևավորված աշխարհայացքի համար:

Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ»,- շնորհավորական իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Կարևորելով բուհի հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. «Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններից դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման դնի իր առջև: Պետք է նկատել, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ: Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ: Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև հետազոտությունների ծավալը և այս առումով ևս բժշկականը ունի հստակ արդյունքներ: Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները»,- իր խոսքը եզրափակել է ՀՀ ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուհի դասախոսներին արդյունավետ և մրցունակ աշխատանքի համար:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031