2012 թվականին, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի և Հորդանանի մշակույթի նախարարությունների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրով սկիզբ դրվեց երկու երկրների միջև բարեկամության մի նոր փուլ: Որպես այդ համագործակցության գեղեցիկ մեկնարկ, նույն թվականին Հորդանանում անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր՚՚: Փոխադարձ այցն արդեն այս օրերին է՝ հոկտեմբերի 10-16-ը, որի ընթացքում Հորդանանը ներկայանում է իր գեղեցիկ և ինքնատիպ մշակույթով:
Հայաստանում հորդանանյան մշակույթի օրերի կազմակերպիչն ու իրականացնողը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է: Ծրագրի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, ՙՙԱռնո Բաբաջանյան՚՚ համերգասրահում, որին ներկա էին երկու երկրների մշակույթի նախարարները, մշակութային գործիչներ, մշակութասեր հասարակություն:
Բացելով հանդիպումը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց հյուրերին մեր երկրում, ապա անդրադարձավ երկու երկրների միջև դարավոր բարեկամությանը, այն ժամանակաշրջաններին, որոնք բեկումնային են եղել այդ բարեկամության համար: Նախարարը կարևորեց 2012թ. միջպետական մշակութային պայմանագրի կնքումը՝ համարելով այն կարևոր հենասյուն:
Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղին իր ողջույնի խոսքում ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և անհատապես Հ. Պողոսյանին, ում հետ հասցրել է ընկերանալ: ՙ»Մշակույթը միակն է, որ կարողանում է միավորել ժողովուրդներին»,- շեշտեց Լ. Մամկեղին, հավաստիացնելով, որ Հորդանանի հանրապետությունը ձգտում է ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ: Նա նաև անդրադարձավ հայաստանյան տպավորություններին՝ մեր երկիրը համարելով գեղեցիկ, ջերմ ու հյուրընկալ:
Կարդացեք նաև
Թագավորական ֆիլմերի հանձնաժողովի ներկայացուցիչ Շադի Ալ Նիմրին իր գոհունակությունն ու երախտիքի խոսքն ուղղեց պետֆիլհարմոնիային՝ իր հյուրընկալ հարկի տակ ընդունելու և ջերմ ու մտերմիկ հանդիպում կազմակերպելու համար: Նա ներկայացրեց այն հարուստ ու բազմաժանր ծրագիրը, որով Հորդանանը ներկայանալու է հայ ժողովրդին այդ մի քանի օրերի ընթացքում՝ ֆիլմերի, ազգային տարազների ցուցադրություն, ազգագրական երգ ու պար, լուսանկարչական ցուցահանդես:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց «ՙՙՀորդանանը ձեզ ավելի հեռուն կտանի՚՚» խորագրով ֆիլմ, որը ծանոթացնում էր այդ երկրի կյանքին, մշակույթին, պատմությանը, կենցաղին, սովորույթներին ու բարքերին, տեսարժան վայրերին:
Դիզայներ Մարիամ Մուրադիսի ազգային տարազների նորաձևության ցուցահանդեսը ներկայացնում էր դիզայների յուրօրինակ ու ինքնատիպ ոճը, որն աչքի է ընկնում գույների ու կտորների բազմազանությամբ: Այն նաև ավանդականի ու նորի յուրօրինակ մոտեցում է:
Հետաքրքիր էր դիտել ազգագրական պարի և երգի գեղեցիկ կատարումները ՙՙԱլ Ռամտա՚՚ երիտասարդական խմբի կատարմամբ: Համույթը հիմնադրվել է Ալ. Ռամտա քաղաքում, ներկայումս իր գործունեությունը ծավալում է Հորդանանի մշակույթի նախարարության հովանու ներքո: Խումբն իր կատարումներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոնների:
Այդ օրը պետֆիլհարմոնիայում բացվեց նաև արմատներով հայ, հորդանանցի լուսանկարիչ Զոհրաբի լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Նրա լուսանկարներում Հորդանանի ու հորդանանցու հանդեպ սերն է ու երկրի ողջ գեղեցկությունը: Զոհրաբը շուրջ 22 տարի Հորդանանի Հուսեյն թագավորի լուսանկարիչն է եղել: Տեսնելով նրա ընդունակությունները, թագավորը նրան ուղարկել է Նյու Յորք՝ ուսանելու: Ի դեպ, լուսանկարիչը իր հետ բերած բոլոր աշխատանքները նվիրեց ՙՙԱռնո Բաբաջանյան՚՚՚՚ համերգասրահին:
Հայաստանում ՙՙՀորդանանի մշակույթի օրերիՙՙ շրջանակներում նախատեսված է հորդանանյան պատվիրակության այց նաև մարզեր : Մասնավորապես Վայոց Ձորի մշակույթի տանը կբացվի Մարիամ Մուրադիսի ազգային տարազների նորաձևության ցուցադրությունը, ՙՙԱլ Ռամտա՚՚ խումբը հանդես կգա ազգային երգի ու պարի կատարմամբ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում նույնպես կթևածի Հորդանանի երգի ու պարի շունչը, իսկ Մանկավարժական համալսարանում կցուցադրվեն ռեժիսորներ Նորա Ալ Շարիֆի «Ismail՚» և Ֆադի Հադդադի «When Mona Lisa smiled» ֆիլմերը: Եվս երկու ֆիլմ՝ ռեժիսորներ Ամին Մաթալքայի «The United՚՚» և Նաջի Աբու Նովառի «ՙՙTheeb՚»-ը, որն ի դեպ, արժանացել է 13 հեղինակավոր միջազգային մրցանակների՝ ներառյալ Վենետիկի ՙՙՀորիզոններ՚՚ մրցույթը, կցուցադրվեն ՙՙԱռնո Բաբաջանյան՚՚ համերգասրահում:
Հ.Գ.
Որքան էլ տարբեր են Հայաստանի և Հորդանանի կենցաղն ու սովորույթները, այնուամենայնիվ երկու երկրների մշակույթների միջև կան որոշակի ընդհանուր գծեր, նմանություններ՝ ազգային տարազների որոշ զարդանախշեր, պարային մի քանի շարժումներ:
Գայանե Եգանյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվական բաժին