Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բանավեճ սահմանադրական բարեփոխումների շուրջ. «Հանրությունն անմասն է այս գործընթացից»

Հոկտեմբեր 13,2015 13:46

«Հանրային քննարկումներ մենք չտեսանք, դրանք բավական սեղմ էին: 200 կետ փոխված Սահմանադրությանը, որ, ըստ էության, նոր Սահմանադրություն է` նոր շարադրանքով, ժամանակ տրված չէ, որպեսզի հանրությունը մարսի, կարծիք ձեւավորի: Էլիտար ֆորմատով կազմակերպվող հանրային քննարկումներին մասնագիտական հանձնաժողովի որեւէ անդամ չի մասնակցում»,- այսօր «Մեդիա կենտրոնում»` «Դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ. սպասվող հանրաքվե» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

«Վարդան Պողոսյանն ո՞վ է»,- նրան ընդհատեց քննարկման մասնակից՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀՅԴ կուսակցության անդամ Սուրեն Պարսյանը:

Զառա Հովհաննիսյանը կարեւորեց նաեւ Հանրային հեռուստաընկերության անմասն մնալը սահմանադրական բարեփոխումների քննարկումից, տարբեր շերտերի կարծիքը ներկայացնելուց: Բանախոսն անդրադարձավ նաեւ գենդերային հավասարության խնդրին. Մասնագիտական հանձնաժողովում 8 տղամարդ է, մեկ կին` ռեֆերենտը: Հանձնաժողովի անդամներից երկուսն իշխող կուսակցությունից են, մյուսներն այս կամ այն կերպ նախագահի ապարատից են վերահսկվում: «Անվստահության մեծ վիճակում է այս ամենը կատարվում ու անգամ այն կուսակցությունները, որոնք ի սկզբանե կողմ էին կառավարման համակարգի փոփոխությանը, հիմա կողմ չեն, բացի ՀՅԴ-ից»,- սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացն այսպես բնութագրեց նա:

Բովանդակային մասով էլ նկատեց` ոչ թե մարդակենտրոն Սահմանադրություն է, այլ էլիտայի իրավունքները պաշտպանող: Իբրեւ օրինակ բերեց սեփականության իրավունքի պաշտպանության դրույթները, ասաց, որ դատական համակարգում չի երեւում շարքային քաղաքացու իրավունքի պաշտպանությունը:

«Անգամ պատվիրովի սոցիոլոգիական հարցումները, որոնք իշխանության տեսակետն են հանրայնացնում, փաստում են, որ հանրությունն անմասն է այս գործընթացից»,- ասաց նա:

Զառա Հովհաննիսյանը իլյուզիաներ չունի նաեւ հանրաքվեի լեգիտիմության մասով, մանավանդ, որ մասնագիտական հանձնաժողովի նախագահը նաեւ ՍԴ նախագահն է ու ոչ միայն հանրաքվեի լեգիտիմությունը, այդ արդյունքների բողոքարկումը խիստ կասկածի տակ է:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր, իրավաբան Արմինե Առաքելյանն էլ համամիտ է` սա ոչ լեգիտիմ, քաղաքական կոնսոլիդացիայից զուրկ գործընթաց է: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վենետիկի հանձնաժողովը պատվիրել էր հասարակական, մասնավորաբար կուսակցական լայն շերտերում քննարկումներ անցկացնել, բայց մենք էլի եկանք օլիգարխիկ վիճակի, երբ մի կուսակցությունը պիտի որոշի. «Հիմա էլ որոշում են լեգիտիմացնել, քանզի իշխանության մենաշնորհացման խնդիր է դրված»: Նա զարմացավ ՀՅԴ-ի պահվածքի վրա, որը պնդում է, թե նոր համակարգ ենք ձեւավորում, մինչդեռ այս գործընթացում իրենք սեփական շահն են փնտրում:

«Ժողովուրդը դժգո՞հ է ներկայիս համակարգից, որ համակարգ ենք փոխում. ես այդ դժգոհ ժողովրդի ձայնը չեմ լսում»,- ասաց նա` հավելելով, որ որեւէ կուսակցություն Հայաստանի իրականության մեջ, ժողովրդի շահերը ներկայացնող չէ, ներկայացնում է տնտեսական օլիգարխիայի շահերը:

Հարցին` ո՞րն է գործընթացի լեգիտիմության բանաձեւը` ժողովուրդը պիտի ինքնակազմակերպվեր ու գնար իշխանության դուռը թակեր` թե Սահմանադրություն փոխենք, բանախոսը պատասխանեց. «Ես ելնում եմ ժողովրդավարության սկզբունքից, որը համակեցության սկզբունք է: Դա ոչ ոք չի շեշտում, ոչ սոցիալիստ կոչվածը, ոչ էլ լիբերալը»:

ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրեց ՀՅԴ-ի կարգախոսն անցած ընտրություններին, որտեղ հավասարությունը շեշտվում է:

Արմինե Առաքելյանն ասաց, «Ես կարգախոսների մասին չեմ խոսում, այլ իրականության: Իսկ ինդիկատորն այն է, որ մարդիկ ճամպրուկները վերցրած՝ լքում են Հայաստանը»:

Տիկին Առաքելյանը դեռ հույս ունի, որ առողջ ուժեր կգտնվեն ու այնպիսի քարոզ կիրականացնեն, որ գործը հանրաքվեի չի հասնի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031