Հոկտեմբերի 20-10-ը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ ներկայացնելով Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» բեմադրութունը: «Այն նվեր էր սփյուռքահայ հանդիսատեսին, որը եւս մեկ անգամ հնարավորություն ստացավ հաճույք ստանալու մեր լավագույն թատրոններից մեկի ներկայացումներից: Դա կարեւոր է նաեւ մեր թատրոնի համար, որը կարողացավ հանդես գալ միջազգային բեմում»,-ասաց Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ ամերիկահայ հանդիսատեսի համար ցուցադրված «Մորգանի խնամին» լավագույն ներկայացումներից է. «Ուրիշ շրջապատ, ուրիշ ետնաբեմ, ուրիշ հանդիսատես… Ներկայացումն ակամայից պրեմիերա դարձավ: Մեծ ուշադրության արժանացանք: Տեսարաններից մեկում հերոսուհին ասում է՝ ինչ էլ լինի՝ պետք է գնամ հայրենիք… Դահլիճն այլ կերպ արձագանքեց դրան: Իսկ «Կռունկ» երգը ցնցեց շատերին: Թվում է, թե կոմեդիա է, բայց բոլորին սթափեցրեց եւ կարող եմ ասել, որ մարդկանց 80 տոկոսի աչքը հայրենիքում է»:
Հանդիսատեսի ցանկությամբ ներկայացումը ցուցադրվել է երկու անգամ: Պարոնյանի անվան թատրոնի դերասանները պարգեւներ եւ պատվոգրեր են ստացել Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆից, հյուպատոս Սերգեյ Սարկիսովից, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանից:
Կարդացեք նաև
Երվանդ Ղազանչյանը նաեւ տեղեկացրեց, որ անցած թատերաշրջանը չափազանց նշանակալի էր թատրոնի համար: «Կարինե» ներկայացումն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին: Նոյեմբերի վերջին էլ կբացվի թատրոնի փոքր դահլիճը, որի բեմում կխաղան միայն հայ ժամանակակից եւ դասական պիեսներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ