- Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը եւ «Թվային հուշարձան» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մրցույթի շրջանակներում տպագրել են «Գեղարքունիքի մարզ. պատմական հուշարձաններ» և «Կոտայքի մարզ. պատմական հուշարձաններ» քարտեզ-ուղեցույցները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասաց, որ քարտեզ-ուղեցույցները կարեւոր են հայրենաճանաչության եւ զբոսաշրջության զարգացման համար. «Առաջնահերթ, մենք պետք է ճանաչենք մեր հայրենիքը, հետո՝ մեր հյուրերը, որոնք այս քարտեզների միջոցով կիմանան՝ մեր երկրի որ անկյունում ինչ հետաքրքիր պատմական կամ բնական հուշարձաններ կան»:
Քարտեզ-ուղեցույցներն անվճար տրամադրվել են Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզկենտրոններին, որոշ հյուրանոցների, իսկ առաջիկայում նախատեսվում է հատկացնել նաեւ 42 տուր-օպերատորների:
Հետաքրքրական է, որ «Թվային հուշարձան» ՀԿ նախագահ Արմեն Գեւորգյանը դրանք փորձել է բաժանել նաեւ Երեւանի հյուրանոցներին, սակայն վերջիններիս պատասխանատուներն անգամ չեն իմացել՝ ինչ անել դրանք. «100 հատ պետք է բաժանեի, բայց 70-ը մնացին պայուսակումս: Ուղղակի զարմանալի է՝ անվճար տալիս ես՝ մտածելով, որ կբաժանեն իրենց հյուրերին, բայց անգամ չգիտեին՝ ինչ են դրանք եւ ինչ պետք է անեն դրանց հետ»,-ասաց Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն էլ հավելեց, որ, օրինակ, Իրանի եւ Վրաստանի հյուրանոցներում անվճար օգտակար բուկլետներ եւ գրքույկներ են նվիրում, մինչդեռ Երեւանի հյուրանոցներն անտրամաբանական անտարբերություն են ցուցաբերում. «Մեր հյուրանոցները զբոսաշրջությունը խթանող գրքերից ու բուկլետներից գաղափար չունեն, մինչդեռ պետք է լինեն դրանց պատվիրատուն»:
Հավելենք, որ մինչ այդ լույս են տեսել նաեւ Տավուշի եւ Լոռու քարտեզ-ուղեցույցները, ինչպես նաեւ «Եղեռն եղեռնից հետո» գրքույկը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ