Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպությունը փորձաքննության է ենթարկել Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է ներկայացրել իր մասնագիտական եզրակացությունը: Միջազգային այս հեղինակավոր կառույցի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսի ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեր քննարկմանը ներկայացված սահմանադրական տեքստը ակնհայտորեն լուրջ ջանքերի արդյունք է: Այդ է պատճառը, որ Սահմանադրության նախագիծը չափազանց ընդգրկուն և առաջնակարգ մի փաստաթուղթ է ստացվել:
Նախագիծը չի սահմանափակվել մարդու իրավունքների տիպային ցանկի կրկնությամբ, այլ ներառում է մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ` հաջորդ սերունդների համար: Այստեղ մեր արձանագրած ընդհանուր ու ակնհայտ առաջընթացն այն է, որ մարդու իրավունքներին վերաբերող նորմերը գրված են համընդգրկուն և մանրամասն, նույնիսկ շատ մանրակրկիտ:
Կարդացեք նաև
Մեկ այլ մեծ խնդիր, որ արդյունավետորեն լուծել է Նախագիծը` կառավարության կայունության ապահովումն է, ինչը նախապայման է հասարակական խաղաղության և տնտեսական աճի համար: Սոֆոկլեսն «Անտիգոն»-ում ասում է. «Չկա ավելի վատ բան, քան անարխիան է»: Հետևյալ վտանգն ընկած է բոլոր ժողովրդավարական ռեժիմների հիմքում, բայց դրան կարող են հակադրվել ռացիոնալ կազմակերպաիրավական խորհրդարանական համակարգի ինստիտուտները: Դրանք ամրապնդում են գործադիր իշխանության կայունությունն ու շարունակականությունը` առանց նվազեցնելու մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավիճակի նշանակությունը, որն էլ հանդիսանում է ժողովրդավարության բաղկացուցիչ մաս:
Նախագծում դրական է այն, որ խորհրդարանական համակարգը ռացիոնալացնելու ջանքերը հիմնականում արտահայտվում են քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները նվազեցնող համամասնական ընտրակարգի և կայուն խորհրդարանական մեծամասնության համակցությամբ: Եթե կայուն խորհրդարանական մեծամասնությունը չի կազմվել ընտրությունների առաջին փուլի արդյունքում, ապա կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, որի դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորում: Երկրորդ փուլի մասին դրույթը հիշեցնում է նմանատիպ այնպիսի համակարգերի մասին, որոնք հաջողել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ազգային մակարդակով այս համակարգի կիրառումը վկայում է Նախագծի ինքնատիպության մասին:
Այսպիսով, այս նախագիծը ներառում է դրույթներ` սահմանադրական բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ, որոնք ապահովել են դրա համապատասխանությունը ժամանակակից օրենքներին և որոնք կնպաստեն արդյունավետ վարչական ու դատական համակարգերի ստեղծմանը: Մենք լիովին ողջունում ենք Նախագծի ներկայիս բովանդակությունը, որն ամրագրում է մարդու իրավունքների պաշտպանությունը և գործադիր իշխանության արդյունավետության ամրապնդումը:»
Հիշեցնենք, որ Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային առաջատար կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպայի 14 պետություններ և միջազգային ճանաչում ունեցող 64 համալսարաններ:
Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպություն
Հոկտեմբեր, 2015 թ.
Աթենք, Հունաստան