Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագնի բնակելի թաղամասում տեղադրվել է հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար

Հոկտեմբեր 13,2015 11:18

Ս.թ. հոկտեմբերի 11-ին Վահագնի բնակելի թաղամասի մուտքի հարակից տարածքում տեղադրվեց հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար: 1.75 մ բարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանը վարպետ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունն է: Հուշարձանի բացմանը հաջորդեց պարոն Հովնանյանի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը:

Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:

Իր ողջ գործունեության ընթացքում Վահագն Հովնանյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին և իր պարտքն է համարել նպաստել ավելի հզոր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը: Զգալի է նրա ներդրումը Հայաստանի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում: Պրն. Հովնանյանի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը հայրենիքի հանդեպ ունեցած նրա անսահման սիրո և նվիրումի խոսուն քայլերն են:

 

Վահագն Հովնանյանի մասին

Վահագն Ստեփանի Հովնանյանը ծնվել է 1932թ-ին՝ Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952թ-ին ավարտել է Բաղդադի Քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի համալսարանում, որն ավարտել է 1956թ-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:

Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերություններն ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ: Վահագն Հովնանյանի՝ հայությանն իր նվիրվածության վառ ապացույցն են աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում ստացված բազմաթիվ պարգևները:

Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, պրն. Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո միջոցներ է հանգանակել Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցելու համար: 1992-ից Հովնանյան ամուսինները եղել են Երևանի Նորքի զանգվածի Անանիա Շիրակացի ճեմարանի գլխավոր բարեգործները:

Տեր և Տիկին Հովնանյանների ամենամեծ նվաճումներից է 1976թ-ին Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում հայկական դպրոցի հիմնումը: 1984թ-ին նրանց պատվին այն վերանվանվեց Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 1-ինը Վահագն Հովնանյանին շնորհել է «Հայ Առաքելական Եկեղեցու Արքայազն» կոչումը:

Պրն. Հովնանյանը զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար դիտարկում էր որպես գերակա շահ: 2001թ-ի մայիսին ՀՀ կառավարության համաձայնությամբ ստեղծվել է Հայկական Տուրիզմի Զարգացման Գործակալությունը (ՀՏԶԳ), որը ֆինանսավորվում էր Վահագն Հովնանյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ֆինանսական աջակցության և պրն. Հովնանյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայացվեց որպես տուրիստական կենտրոն:

Իր գործունեության ընթացքում պրն. Հովնանյանը նպաստել է բազմաթիվ մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սատարելով Հայաստանի մուտքն արվեստի միջազգային ասպարեզ: 2000թ-ի մայիսին պրն. Հովնանյանը հիմնել է «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ-ի հիմնադրել է «Վահագնի» մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:

1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել հայրենիքում: Որպես կենսուրախ ու բարի անձնավորություն՝ պարոն Հովնանյանը մշտապես իր շուրջն էր հավաքում գործի նվիրյալ, հայրենասեր ու խոստումնալից մարդկանց, ովքեր ասելիք ունեին հայրենիքի լուսավոր ապագայի կերտման գործում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031