Հայկական մամուլը, սոցիալական ցանցերը հեղեղված են մեր թիմի, ֆուտբոլի մասին հայհոյանքներով, քննադատություններով։ Բայց միայն քննադատելով եւ հայհոյելով առաջ չենք գնա։ Ընդամենը տարիներ առաջ հպարտանում, ուրախանում էինք այս նույն թիմով, յուրաքանչյուր հաղթանակ կամ հաջողություն համարում մերը։ Հիմա էլ պարտությունն ու անհաջողությունը պետք է վերագրել բոլորիս։
Հայաստանի ազգային հավաքականի պարտություններն ու անհաջողությունները պետք է դառնան լրջագույն, մանրակրկիտ վերլուծության առարկա, դառնան մեր ընտրանու համար նոր սկիզբ եւ ոչ թե «աբիժնիկական» հայհոյանքների, սեփական ամբիցիաների դրսեւորման առիթ։ Հայաստանի ազգային հավաքականին «զուգահեռ»՝ խոշոր հաշիվներով համատարած պարտվում են նաեւ մեր մյուս տարիքային հավաքականները (17,19 տարեկաններ, երիտասարդական հավաքական), հետեւաբար, կարելի է արձանագրել, որ հիմա մեր ֆուտբոլում անառողջ, հիվանդ մթնոլորտ է, որը բուժման կարիք ունի։ Լուծումներ, ոչ թե դատաստան կամ պատիժ՝ սա պետք է լինի մեր ֆուտբոլի տեսլականը։ Ֆուտբոլիստների մեր այս սերունդը դեռ չի սպառել իրեն, ունի ներուժ հաջողության հասնելու համար։
Մեր թիմում հիմա հոգեբանական բարդ իրավիճակ է՝ ինքնավստահության պակաս, սեփական ուժերի նկատմամբ հավատի կորուստ, ազգային հավաքականում խաղալու մոտիվացիայի, նոր մտքերի բացակայություն եւ այլն։ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները հաճույք չեն ստանում խաղից, թիմում անառողջ մթնոլորտ է, ու դա ակնհայտ է անգամ խաղադաշտում։
Լուծումը մեկն է. մեր թիմին անհրաժեշտ է հեղինակավոր մարզիչ։ Եթե նախկինում կարելի էր պահանջել մարզիչ այլ բնութագրերով (արտասահմանցի, փորձառու, բարձրակարգ եւ այլն), ապա հիմա հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ մեզ պետք է այդ բոլոր մարզչական բնութագրումների մեկտեղումը՝ հեղինակություն (անգամ՝ համաշխարհային) վայելող մարզիչ։ Մեր ֆուտբոլը, Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է պատային իրավիճակում, որից դուրս գալու առաջին պայմաններն են մթնոլորտի փոփոխություն հանդերձարանում, ֆուտբոլիստների ինքնավստահության բարձրացումը, կարգապահությունը, ամբիցիան, գլխավոր մարզչի սեփական, անառարկելի եւ հեղինակավոր «ես»-ը։
Կարդացեք նաև
Մեզ համաշխարհային կարգի հեղինակավոր մարզիչ է պետք այլեւս։
Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում