Հավաքականի գործող մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի նվիրյալներից է, երկար ժամանակ մեր հավաքականի հենասյուներից է եղել որպես խաղացող, որպես ֆուտբոլիստ։ Բայց Հովսեփյանի կենսագրության ուսումնասիրությունը ոչ մի տեղեկատվություն չի տալիս, թե նա ֆուտբոլային խաղի կազմակերպման ոլորտում տեսական ի՞նչ գիտելիքների է տիրապետում, համապատասխան կրթություն ստացե՞լ է, թե ոչ։ Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ ժամանակակից ֆուտբոլը առաջին հերթին գիտելիքի, ստեղծագործության, իմպրովիզացիայի վրա է հիմնված։ Լավ ֆուտբոլիստ լինելը ամենեւին չի նշանակում լավ մարզիչ լինել, եւ, զուգահեռաբար, հնարավոր չէ լավ մարզիչ լինել՝ առանց ժամանակակից ֆուտբոլի տեսության զարգացումներին լրջորեն տիրապետելու։ Սարգիս Հովսեփյանը ֆուտբոլային բավարար գիտելիքներ ունեցող մարդու տպավորություն չի գործում եւ չի գործել երբեք, ու նրա կենսագրության մեջ չկա մի նշում, որ կփոխի այդ ընդհանուր տպավորությունը։
Հաջորդ կարեւորագույն խնդիրը հետեւյալն է. պետք է վերջ տալ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչի պաշտոնները համատեղելու պրակտիկային։ Եթե «Փյունիկի» փաստացի սեփականատերը եւ ՀՖՖ նախագահը նույն մարդն է, դա դեռ չի նշանակում, թե «Փյունիկն» ու ազգային հավաքականը նույն բանն են, եւ նրանց շահերը միշտ եւ ամեն ինչում համընկնում են։ Հավաքականի մարզիչը պետք է ավելի լայն հայացք ունենա եւ հավաքականի հետ կապված որոշումներում լինի ինքնուրույն։ Սարգիս Հովսեփյանն, անկեղծ ասած, նաեւ այսպիսի մարդու տպավորություն չի գործում։
Իրականում այն տպավորությունն է, որ Հովսեփյանը բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ է պետք անել հավաքականի խաղը կազմակերպելու համար՝ ռազմավարական իմաստով, եւ ինչպես է պետք հավաքականի խաղը կազմակերպել- շտկել՝ մարտավարական իմաստով։ Այն տպավորությունն է, որ Հովսեփյանը խաղի ընթացքում այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում խաղադաշտում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում