Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը ակնկալվածից ավելի կազմակերպված անցավ

Հոկտեմբեր 13,2015 10:20

Եզրագիծը հատեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցեցին Երեւան քաղաքի եւ հանրապետության բոլոր մարզերի՝ տեսողական, լսողական եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող 165 մարզիկներ: Նրանք մրցեցին վեց մարզաձեւերից՝ շախմատ (կույրերի միջեւ եւ սովորական), շաշկի, սեղանի թենիս, լող, դարտս եւ բասկետբոլ:Երեքօրյա պայքարի արդյունքում որոշվեցին ըստ մարզաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները, ինչպես նաեւ թիմային հաշվարկով՝ լավագույն եռյակը: Թիմային պայքարի մրցանակակիրներ դարձել են Երեւան քաղաքը, Լոռիի եւ Գեղարքունիքի մարզերը: Ըստ մրցաձեւերի հավասարը չեն ունեցել.

Սեղանի թենիս՝ Արթուր Գալստյան եւ Անահիտ Վարդանյան (երկուսն էլ՝ Երեւան)
Շախմատ՝ Սարգիս Աթարբեկյան (Լոռի) եւ Մերի Մանուկյան (Արմավիր)
Շախմատ (կույրեր)՝ Յուրա Ավետիսյան (Երեւան)
Շաշկի՝ Աշոտ Ալավերդյան եւ Անո Ասլանյան ( երկուսն էլ՝ Լոռի)
Լող՝ Արթուր Թադեւոսյան եւ Մարգարիտա Հովակիմյան (երկուսն էլ՝ Երեւան)
Դարտս՝ Արմեն Ղանդիլյան (Գեղարքունիք) եւ Շուշանիկ Մաթեւոսյան (Շիրակ)
Բասկետբոլ՝ Երեւանի թիմ:

Անհատական մարզաձեւերում առաջինից երրորդ տեղերն զբաղեցրած մարզիկները պարգեւատրվել են, համապատասխանաբար, 250, 230 եւ 200 հազարական դրամով: Իսկ բասկետբոլի մրցանակային եռյակը կազմած թիմերի բոլոր անդամները, համապատասխանաբար, 50, 45 եւ 40 հազարական:

Աչքի ընկած բոլոր անհատներն արաժանացան ՀՀ նախագահի հավաստագրերի, իսկ թիմային մրցանակակիրներին շնորհվեցին նաեւ գավաթներ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութան մասսաական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի խոսքերով, հաշմանդամություն ունեցող մարզիկների անդրանիկ մրցույթն անցավ ակնկալվածից անհամեմատ կազմակերպված ու բարձր մակարդակով: Սակայն նկատվեցին նաեւ որոշ բացթողումներ, ինչը բնական է: «Մասնավորապես, ասենք, սեղանի թենիսի մրցաշարում պատահում էր, որ վիճակահանությամբ միմյանց հետ խաղում էին սայլակավոր ու ոտքի վրա կանգնող, բայց այլ խնդիր ունեցող հաշմանդամ մարզիկները, ինչը մեր կարծիքով այնքան էլ արդար չէ: Նմանատիպ վրիպումները հետագայում բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով մենք փոխնախարար Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ կքննարկենք նկատված բոլոր բացթողումները եւ կանոնակարգում լրացումներ ու փոփոխություններ կանենք», -ասաց Եղիշ Դավթյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031