Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուի շնորհանդեսը

Հոկտեմբեր 13,2015 10:16

Հոկտեմբերի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երգահաններ, արվեստագետներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով Ազգային երգարանի ստեղծման առթիվ՝ նախարարը բարձր գնահատեց ստեղծագործական խմբի, մասնավորապես ծրագրի հեղինակի՝ Սամվել Հարոյանի կատարած աշխատանքը և նշեց. «Ժողովածուն ներկայացնում է մեր ժողովրդի երաժշտական հարուստ պատմությունը: 659 երգից բաղկացած ընտրանի՝ հայ երգարվեստի բոլոր ժանրերի ընդգրկմամբ, հոգևոր երգեր՝ շարականներ, գանձեր, տաղեր, ժողովրդական՝ գեղջկական, աշուղա-գուսանական և քաղաքային ստեղծագործություններ, որոնք հայ ժողովրդի անցյալի, ներկայի, հիշողության, սիրո, տխրության, նրա ապրումների երաժշտական մարմնավորումն են: Մեզ հասած վիթխարի ժառանգություն, հրաշալի մեղեդիներ, որոնցում ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը, վստահ եմ, հոգևոր կենսավիշ պիտի ներարկի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին և դառնա ամուր պատնեշ` ընդդեմ օտար անբարենպաստ ազդեցությունների: Վստահ եմ, որ «Ազգային երգարան. գրպանի» ժողովածուն կնպաստի երիտասարդության մեջ ազգային երգը սերմանելու հայանպաստ գործին: Ժողովածուն հայ ճշմարիտ երգը Հայաստանում և սփյուռքում տարածելու հրաշալի փորձ է»:

4

Օրհնության խոսքով հանդես եկավ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ նշելով, որ Հայ երգարվեստի բարձրարժեք ու ճաշակավոր նմուշներից բաղկացած այս երգարանի ստեղծումը հայ ժողովրդի ճշմարիտ երգարվեստը նորովի է արժևորում:

Գնահատանքի խոսքով հանդես եկավ երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Նախաձեռնության հեղինակ, երգարանի խմբագիր Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, բոլոր այն կառույցներին, մասնագետներին, ստեղծագործական խմբին և անհատներին ովքեր աջակցել էին երգարանի ստեղծմանը:

Սիրված երգերի կատարումներով հանդես եկան Աննա Մայիլյանը, Թովմաս Պողոսյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Համլետ Գևորգյանը, Արմեն Դարբինյանը, Լեյլա Սարիբեկյանը: Ելույթ ունեցան նաև «Սասուն» ազգագրական համույթը և «Բերդ» պարային համույթը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031