Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպել տաղանդավոր մարդկանց

Հոկտեմբեր 13,2015 10:09

Կիրակի Mezzo-ով նայում էի մեր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթը Փարիզի սիմֆոնիկ նվագախմբի հետ` Անդրիս Նելսոնսի ղեկավարությամբ: Հնչում էր Բեթհովենի ջութակի կոնցերտը, իսկ հետո Սերգեյը որպես bis կատարեց Բախի Պարտիտայից մի հատված: Համաշխարհային համբավ ունեցող որեւէ երաժշտից հայաստանցի ջութակահարը ոչնչով պակաս չէ: Նույն օրն իմացա, որ ֆուտբոլի մեր հավաքականը 0:3 հաշվով սեփական դաշտում պարտվել է Ալբանիայի հավաքականին (խաղը չեմ նայել` նյարդերս խնայելու համար): Հակասական զգացմունքները, որոնք մենք ապրում ենք ամեն քայլափոխի, մեր հակասական կյանքի արտացոլումն են:

Երբեք չեմ տառապել ազգային սնապարծությամբ, բայց միշտ վստահ եմ եղել, որ տաղանդավոր մարդիկ հայերի մեջ շատ-շատ են` սկսած տնտեսությունից եւ վերջացրած գիտությամբ, արվեստով, սպորտով: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայաստանյան ձեռնարկությունների հաջողությունները դրա ապացույցն են: Ինչո՞ւ է այստեղ վիճակը համեմատաբար բարվոք (իհարկե, ցանկալի կլիներ, որ հարյուրապատիկ ավելի բարվոք լիներ): Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մեր «վերնախավը» գլուխ չի հանում այդ ոլորտից` դա առեւտուր չէ, որտեղ կարելի է 50 տոկոսով խցկվել: Տնտեսության այդ ճյուղի շուկան ամբողջ աշխարհն է, որի հետ կապ հաստատելը վայրկյանների խնդիր է: Ահա թե ինչու այս ոլորտում աշխատողներին քիչ թե շատ հանգիստ են թողել:
Տաղանդավոր մարդկանց կազմակերպելու համար պետք են գիտելիքներ, ինչպես նաեւ սեփական հավակնությունների (այդ թվում` նյութական) գիտակցական սահմանափակում: Իհարկե, շատ բան պայմանավորված է երկրում տիրող «խաղի կանոններով»:

Մասնավորապես, եթե մարդը (լինի նա տեղացի, թե արտասահմանցի, հայ թե այլազգի) տնտեսական ոլորտում ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել, փող ներդնել, ապա նրա առաջ պետք է գորգ փռվի, եւ չինովնիկները պիտի հարցնեն՝ «ի՞նչ է ձեզ պետք՝ ձեր բիզնեսն առավել շահավետ կազմակերպելու համար»: Բայց մեր չինովնիկները բոլորովին այլ հարց են տալիս՝ «բա ի՛մ քյարը ո՞րն է լինելու»:

«Պետական մարդու» օգուտը պետք է լինի տվյալ բնագավառի ունակ մարդկանց կայացումը: Եթե չինովնիկը պետք է նեղվի բիզնեսմենի հաջողությունից («էս ո՞նց եղավ, որ ստե փող ես աշխատում») եւ պահանջի նրանից այս կամ այն ձեւով ենթարկվել իրեն, ուրեմն նա պետության մարդ չի: Դա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլեւ ցանկացած այլ բնագավառի:

…Իսլանդիայի բնակչությունը Հայաստանից (պաշտոնական տվյալները նկատի ունեմ) գրեթե 10 անգամ փոքր է: Տարեկան միջին ջերմաստիճամը +4 է: Բայց այդ երկրի ֆուտբոլի հավաքականը մասնակցելու է 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Կարծում եմ՝ ոչ այն պատճառով, որ այդ երկրում ավելի շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, քան Հայաստանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    Բայց մեր չինովնիկները բոլորովին այլ հարց են տալիս՝ «բա ի՛մ քյարը ո՞րն է լինելու»:

    Բայց չէ, որ այդ չինովնիկը ամսվա վերջում պետք է նալոգ տա իր վերադասին: Եթե նա լինի «Պետական մարդ» ապա նրան կհեռացնեն աշխատանքից: Ինչպես կարելի է այս փթած համակարգում մնալ «Պետական մարդ»:

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մեր «վերնախավը» գլուխ չի հանում այդ ոլորտից` դա առեւտուր չէ, որտեղ կարելի է 50 տոկոսով խցկվել: ==
    Կարծում եմ, որ մեր չինովնիկների տաղանդը խիստ թերագնահատված է: Այսօր արդեն ամերիկահայ դարձած Տ. Սարգսյանը իր վարչապետության վերջում փորձում էր ՏՏ նախարարություն ստեղծել, սակայն ոլորտի մասնագետների բուռն ընդվզումը խափանեց այդ՝ ըստ էության ՛՛փայմտնոցին՛՛:
    Չնայած այս ՛՛տեխնիկական վրիպակին՛՛, հոդվածն ընդհանուր առմամբ վատ չի կառուցված, հատկապես ջութակ նվագելու և ՀՖՖ-ի զուգահեռները, սակայն հոդվածագիրն ակնհայտորեն իրեն թույլ չի տվել ավելի խորանալ խնդրի մեջ, թե չէ՝ կարող էր ՛՛շատ փիս՛՛ եզրակացության հանգել, որը չէր կարելի որևէ դեպքում թույլ տալ:
    Ինչևէ՝ ֆուտբոլի դեպքում ամեն ինչ պարզ է. քանի դեռ շարժիչ ուժը վարչահրամայական, իսկ որ տեղը գալիս է, նաև քրեական ՛՛մուշտին՛՛ է , լավ բան սպասելն ուղղակի անպատասխանատվության պես մի բան կլիներ:
    Այնուամենայնիվ հեղինակի բախտն ինչ որ մի տեղ բերել է, որ շախմատով առանձնապես հետաքրքրված չէ, հակառակ դեպքում հարկ կլիներ խոսել նաև շախմատի տխուր ներկայի և մշուշոտ ապագայի մասին; դե իսկ այդ դեպքում նույնիսկ խաղերը չնայելով նյարդերը խնայել հնարավոր չէր լինի: Հարց կարող է առաջանալ, թե մեր ՇՖ ղեկավարներն ինչո՞վ են զբաղված. ասեմ՝ մեկն ազատ ժամերին երկիր է ղեկավարում, եթե իհարկե դա ղեկավարում կարելի է անվանել, մյուսը լծված է Երևանի ավագանու հոգսաշատ առօրյային, դե իսկ մյուսն էլ պատվավոր նախագահ է, այսինքն ըստ էության որևէ պարտականություն չունի:
    Կարիք կա՞ արդյոք խոսել «Պետական մարդու» օգուտի մասին կամ «Պետական մարդու» մասին ընդհանրապես, երբ երկիրը ղեկավարվում է ՛՛չաստ նայողի՛՛ մակարդակով…

  3. Պետք է հավատալ եւ հավատացող մարդկանցով շրջապատվել, մտածել, գտնել լուծումներ եւ ծրագրված աշխատել, ամենակարեվորը չհանձնվել տխուր իրականությանն ու մնալ մթության, մոլորվածության մեջ: Մեր ջութակահարը վերը մեջբերված դրական խորհուրդներով է ասպարեզ մտել, իսկ մեր ֆուտբոլի խումբը հանձնվել է տխուր իրականության:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031