Վռամ Խոջագորյանի կարծիքով՝ ավելի ճիշտ էր կատարվածը չնկատելը
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք եւ ինչ նպատակով են հատել սահմանը։
Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը:
Razm.info ռազմական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանը նկատեց, որ պետք է ուշադրություն դարձնել նախորդող իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիայում ռմբակոծություն իրականացնող Ռուսաստանը 1-2 անգամ պատահականության պատճառով հատել է Թուրքիայի օդային սահմանը, որը առաջացրել է ՆԱՏՕ-ի կտրուկ արձագանքը. «Այս ֆոնի վրա, որ բացարձակ պատահականություն չէր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում թերեւս հայտնի դարձած առաջին դեպքն է, երբ ռազմական ուղղաթիռները կարճ ժամանակով հատեցին Հայաստանի օդային սահմանը: Փաստորեն, հայ-թուրքական ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանը փաստացի գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տիրույթի տակ, եւ սա ոչ թե ինչ-որ քայլ էր ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այլ պարզապես Ռուսաստանի համար ակնարկ էր, որ օդային սահմանի խախտման հարցում եղե՛ք ուշադիր»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ սա բացարձակ մեր խաղը չէ. «Սա ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության շատ փոքրիկ տարր է, որին բացարձակ պետք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ արտգործնախարարի մակարդակով այս միջադեպին արձագանքի: Ըստ իս՝ ճիշտ էր ավելի չնկատելու տալը, որովհետեւ անձնապես Հայաստանի Հանրապետությունը այդքան ներգրավված չէր, ինչքան սա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի խնդիրն էր: Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, այդ ակնարկն արեց»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ