Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանը խոցելի վիճակում է գտնվում
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք եւ ինչ նպատակով են հատել սահմանը։ Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համարում է, որ այս խնդիրը պետք է դիտարկել տարբեր ուղղություններից. «Թուրքական ուղղաթիռների կողմից ամսի 6-ին եւ 7-ին հայ-թուրքական սահմանի խախտումը փաստացի Հայաստանի տարածք ներխուժում է, եւ այն, որ ի պատասխան դրան որեւէ գործողություն տեղի չի ունեցել ակնհայտորեն ցույց տվեց, որ հայ-թուրքական սահմանը գտնվում է խոցելի, անպաշտպան վիճակում: Մասնավորապես՝ ինչպես գիտենք 1992 թվականին հայ-ռուսական պայմանագրի համաձայն հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունը ստանձնել է ռուսական կողմը, եւ փաստացի առնվազն երկու անգամ թուրքական ուղղաթիռները խախտել են սահմանը 2-4 րոպե գտնվել են Հայաստանի օդային տարածքում, իսկ դա ուղղաթիռի համար բավական երկար ժամանակ է: Խոսքը, ակնհայտորեն, պատահական խախտման մասին չէ, դիտավորյալ խախտում է եղել 2-4 րոպե գտնվել են Հայաստանի օդային տարածքում, եւ ողջ հայ-թուրքական սահմանի անվտանգությունը ստանձնած ռուսական կողմը, ոչ էլ հայկական կողմի օդային ուժերը այս կապակցությամբ չեն ձեռնարկել որեւէ գործողություն: Սա ցույց է տալիս, թե ինչպիսի խոցելի վիճակում է գտնվում այդ սահմանը, եւ ցույց է տալիս, որ փաստացի այն միֆը, որ իբր Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ընդամենը միֆ է»:
Արգիշտի Կիվիրյանը ընդգծեց, որ այդ կապակցությամբ հայտարարությունը տարածել է Կառավարությանը առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ինչը նրա գնահատմամբ աբսուրդ է.«Այն, որ Հայաստանի համապատասխան իշխանությունները լռում են, վկայում է այն մասին, որ այդ իշխանությունները որեւէ ձեւով չեն ցանկանում ստանձնել պատասխանատվություն: Այսինքն՝ հարց է բարձրանում՝ սրանք արդյոք իշխանություննե՞ր են: Ցանկացած երկրում, եթե տեղի ունենա նման ներխուժում, ապա մի անգամից առնվազն արտգործնախարարը, պաշտպանության նախարարը կամ հենց նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, համապատասխան մեկնաբանությամբ, համապատասխան նախազգուշացմամբ, եւ ինչպես նաեւ նշեին, թե ինչո՞ւ չի կանխվել, ինչո՞ւ է դա տեղի ունեցել եւ ապագայում ի՞նչ գործողություններ տեղի կունենան հետագա ներխուժման դեպքում: Փաստացի մենք տեսնում ենք, որ անցել է 5-6 օր, եւ Հայաստանի որեւէ պատշաճ պաշտոնյա այդ կապակցությամբ հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ: Սա վկայում է, որ այդ պաշտոնյանները իրենց չեն դիտարկում որպես պաշտոնյա, կամ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնավարությունը: Սա իշխանության ներկայացուցչի պահվածք չէ: Այս օրերին փոխանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանդես գային համապատասխան հայտարարությամբ, համապատասխան գործողություններով, իրենք զբաղված են Էրեբունի-Երեւան տոնակատարության ընթացքում մայմունություններ անելով»:
Կարդացեք նաև
Վերլուծաբանը կատարվածը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանը սիրիա-թուրքական սահմանագծում մի քանի անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը. «Քանի որ Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, ապա Թուրքիան որոշել է այս հատվածում պատասխանել ռուսական կողմին: Այս տարածքը, քանի որ, ցավոք սրտի, դիտարկվում է որպես ռուսական իշխանության տարածք, ապա ի պատասխան ռուսական կողմի այդ գործողությունների ինքը որոշել է այստեղ պատասխանել: Այստեղ է թաքնված ամենավտանգավոր խնդիրը՝ հենց որ Հայաստանը արդեն չի դիտարկում որպես անկախ պետություն, այլ դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, Ռուսաստանի ամեն մի գործողության համար աշխարհի այս կամ այն կետում Ռուսաստանի հակառակորդները փորձելու են դրան ի պատասխան Հայաստանին պատասխանել, Հայաստանի տարածքում պատասխանել, հայկական կողմին պատասխանել, որպեսզի դրանով ինչ-ինչ նշաններ ուղղեն Մոսկվային, բայց դրան ի պատասխան ռուսական կողմն էլ չի կարողացել կանխել այդ ուղղաթիռների մուտքը Հայաստանի օդային սահման, ակնհայտ է, որ ռուսական կողմը ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանին: Փաստորեն, Հայաստանը տուժել է եւ շարունակելու է տուժել նրա համար, որ ինքն աշխարհում դիտարկվում է որպես Ռուսաստանի կցորդ, սա շատ վտանգավոր երեւույթ է, եւ այդ գործընթացները ապագայում հղի են շարունակությամբ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Եթէ Թրքական ուղղաթիռներու Հայաստանի օդային սահմանը «ոտնակոխելը» նշանակակում է թէ սոյն սահմանը անպաշտպան է, ուրեմն, ճիշդ միեւնոյն տրամաբանութեամբ՝ Թուրքիոյ սահմանն ալ պաշտպան չունի, քանզի ռուսական օդանաւները Սուրիոյ կողմէ գոնէ երկու անգամ հեշտօրէն անցան այդ սահմանը, առանց ոչ մէկ իսկական հետեւանքի: Մինչդեռ ամբողջ NATO-ն, որպէս բազմաթիւ պետութիւններէ բաղկացած ռազմա-քաղաքական կազմակերպութիւն, պաշտօնական երաշխաւորն է թրքական սահմաններին..
Այդ «տրամաբանութիւնը» ուրեմն, երկու ուղղութեամբ, ակնյայտօրէն անհեթեթ է:
Իսկ եթէ նոյնիսկ գանգատը այն է թէ, խօսքերով անգամ պատասխան չտրուեցաւ թրքական սահմանային ոտնձգութեան, հանգիստ եղէք, Թուրքիան եւ իր արեւմտեան դաշնակիցները իրենց արժանի պատասխանները շա՜տ լաւ ել ստանում են, նուազագոյնը՝ Սուրիոյ եւ Ուքրանիոյ մէջ: (Ասենք նաեւ՝ Արցախի ռազմաճակատի վրայ…) :