Փորձագետը սպասում է կառավարության հավանությանը
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հ/կ նախագահ Կարեն Վարդանյանի տվյալներով ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթը մեծ չէ: Մեկնողների թիվն ընդամենը երեք տոկոս է կազմում:
«Այդ երեք տոկոսը ութից տասը տարվա փորձ ունեցող մասնագետներ են եւ Հայաստանից մեկնում են, որովհետեւ այստեղ աճելու տեղ չեն տեսնում, փորձում են այլ երկրներում գտնել իրենց աճը»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, կառավարությունը ՏՏ ոլորտին աջակցում է, բայց շատ ավելին կարելի է անել, ինչը չի արվում. «Բելառուսի օրինակը բերեմ, այնտեղ այնպես են աջակցում, որ վերջին երկու տարում հարյուր տոկոսով աճ է գրանցվել ոլորտում, իսկ մեր երկրում աճը 25 տոկոս է կազմում: Աջակցության որակի չափի խնդիր է, այլ ոչ թե աջակցում կամ չեն աջակցում:
Կարդացեք նաև
Կան ուղղություններ, որտեղ սպասում ենք լուրջ աջակցության: Մեզ մոտ կրթական համակարգը հաշմանդամ վիճակում է բոլոր ուղղություններով, ստրատեգիա է պետք ՝ ինչ անենք, որ փրկենք կրթական համակարգը: Տաղանդավոր ինժեներներից գոնե մնացողներին փոխենք, մարդկանց մտայնությունը փոխենք, որ իրենց երեխաներին չուղարկեն տնտեսագիտական ու իրավաբանական ֆակուլտետներ, որովհետեւ հիմա այնքան տնտեսագետ ու իրավաբան կա, որ չես իմանում ինչ անես»:
Պարոն Վարդանյանն ասաց՝ լուծում են առաջարկել կառավարությանը ու մինչեւ հիմա սպասում են կառավարության կարծիքին ու որոշմանը. «Առաջարկել ենք՝ ինժեներական կրթության մի մասը տեղափոխել դպրոցներ ու փորձենք շրջաններում գտնվող դպրոցներում անցկացնել դասերը: Զուգահեռաբար շրջաններում հիմնենք տեխնոլոգիական ընկերություններ: Մեր այս ծրագրով 2019 թվականին ՏՏ ոլորտի աշխատուժը կկարողանանք կրկնապատկել քանակով, իսկ 2023 թվականին գրեթե եռապատկել»:
Հ/կ-ի նախագահը նաեւ նշեց, որ իրենց առջեւ խնդիր ունեն միջազգային ասպարեզում հանդես գալ ու պատասխանել՝ ինչու Հայաստան հարցին, «Որովհետեւ, եթե ուզում ենք լուրջ ընկերություններ բերել, պետք է պատասխանենք այս հարցին: Համալիր միջոցառումների կարիք է զգացվում, սպասում ենք ՝ կառավարությունը աջակցի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ