Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-վրացական հարաբերությունները՝ ժամանակակից տեսանկյունից»

Հոկտեմբեր 12,2015 21:45

Հայ և վրացի ուսանողները մոտ հինգ ամիս ուսումնասիրել ու գիտական հոդվածներ են գրել հարևան երկու երկրների հարաբերությունների մասին:

Նրանք այսօր՝ հոկտեմբերի 12-ին, իրենց աշխատանքները ներկայացրին Երևանի պետական համալսարանում կազմակերպված «Համատեղ անցյալ և ապագա. հայ-վրացական հարաբերությունները ժամանակակից տեսանկյունից» խորագրով ուսանողական գիտաժողովում:

Եվրոպագետ Լիլիթ Արզոյանը, օրինակ, փորձել է պարզել, թե ինչու է վերջին երկու տարիներին նվազել արտահանումը Հայաստանից Վրաստան. «2013 թվականից սկսած, երբ Հայաստանը հայտարարեց, որ այլևս Եվրամիության հետ չի ստորագրելու խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր (DCFTA), դա երկրի համար որոշակիորեն փոխեց ապագայի տեսլականները ու իր ազդեցությունն ունեցավ նաև Վրաստանի հետ համագործակցության վրա:

Ես իմ հոդվածում մասնավորապես անդրադարձել եմ հենց այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը և Վրաստանը, լինելով Արևելյան գործընկերության երկրների շարքում, նույն ուղղությամբ էին գնում, քանի որ Եվրամիությունը նույն պահանջներն էր դնում երկու երկրների առջև: Սակայն երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել հիշյալ համաձայնագիրը, արդյունքում փոխվեցին երկրների՝ միմյանց հետ համագործակցության պայմանները: Դա որոշակիորեն պատնեշ ստեղծեց»,- ասում է Լ. Արզոյանը:

Ամիսներ շարունակ տևած ուսումնասիրություններն ուսանողուհուն բերել են այն եզրակացության, որ քաղաքական որոշումն իր ազդեցությունն ունեցավ հատկապես փոքր ու միջին բիզնեսի վրա, որն այժմ իր արտադրանքը նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու խնդիր ունի. «Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դեգրադացել են հատկապես տնտեսական տեսանկյունից: Այն տնտեսական հարաբերությունները, զարգացումները, որոնք պլանավորվում էին, որոնց վրա հույս էին դնում հայ գործարարները, այլևս իրականանալու ենթակա չեն: Ինչպես տեսնում ենք, որպես պատասխան տենդենց, մի շարք հայկական կազմակերպություններ փորձում են տեղափոխվել կամ մասնաճյուղեր բացել Վրաստանում՝ դեպի եվրոպական շուկա առավել հարմար պայմաններով ելք ունենալու համար»,- նշեց հոդվածագիրը:

Երևանի լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Տաթևիկ Գրիգորյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Աննա Չիտալաձեն էլ փորձել են ցույց տալ եվրոպականացման ընկալումները Հայաստանում և Վրաստանում:

«Այս երկու երկրներում ընկալումները շատ տարբեր են: Վրաստանում արտաքին քաղաքականության այլընտրանք չեն տեսնում և որպես միակ տարբերակ՝ ընտրել են եվրոպականացումը: Մինչդեռ Հայաստանն ընտրեց  այսպես կոչված «և´, և´» ուղին: Այսինքն՝ սերտորեն համագործակցելով Ռուսաստանի հետ՝ կարողացավ պահպանել լավ հարաբերությունները նաև Եվրամիության հետ»,- ասաց Տաթևիկ Գրիգորյանը:

«Վրաստանի կառավարությունը բարեփոխումների ծրագիր է մշակում՝ ըստ Եվրամիության օրակարգի, պայքարում է կոռուպցիայի դեմ, որոշ ինստիտուցիոնալ բարեփոխումներ է անում (օրինակ՝ արդարադատության համակարգում): Կարծում եմ՝ մեր քաղաքացիների համար արդեն տեսանելի է, որ եվրաինտեգրման ճանապարհին կյանքը բարելավվում է»- վստահեցրեց Աննա Չիտալաձեն:

Հավելենք, որ գիտաժողովը կազմակերպվել է «Հայ-վրացական համագործակցության ռազմավարություններ՝ գիտական հաստատությունների և ուսանողների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում: Իսկ ծրագիրն իրականացվում է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից՝ ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի կովկասյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակագիտության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը՝ խրախուսելով համատեղ հետազոտություններն ու գիտական ուղղորդումը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031