Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվի:
Հիշեցնենք, որ պատգամավորը օրեր առաջ հայտարարել էր, որ ունի տեղեկություններ, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին սահմանադրական փոփոխությունների նախագծին դրական գնահատական տալու համար:
Ըստ իրավապաշտպանի, պատգամավորն անձեռնմխելի է, եւ եթե նույնիսկ քրեական գործ հարուցվի, ԱԺ-ն պետք է տա համաձայնություն.
«Չեմ կարծում, որ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով ուղարկված նյութերը հեռանկար ունեն գործ հարուցելու առումով: Պարզապես իշխանությունները ցույց են տալիս, որ ամեն հայտարարության հետ կապված լուրջ աշխատանք են տանում, իսկ երբ բազմաթիվ հայտարարություններ են լինում այլ հանցագործությունների մասին, հիմնականում իշխանությունների գործը անգործությամբ կարելի է մեկնաբանել: Սա իշխանությունների համար լավ առիթ էր՝ ցույց տալու իրենց գործողությունները. հարցաքննեցին եւ այլն եւ որեւէ բան չպարզվեց, բայց փորձեցին ինչ-որ բան անել»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանին զարմացրել է պատգամավորի հայտարարությունը. «Կամ նա իսկապես ունի լուրջ տեղեկություններ կամ ժամանակին լինելով իշխանություն՝ շատ լավ գիտի, որ կարելի է կաշառել տարբեր միջազգային կազմակերպություններին: Իսկ ես քիչ հավանական եմ համարում Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, չնայած որեւէ բան չի կարելի բացառել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ