Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Բալասանյան. Անհամաչափ ծանր բեռ է դրվում Փայլակ Հայրապետյանի վրա

Հոկտեմբեր 12,2015 21:17

Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին որոշում ընդունել զրպարտության փաստի վերաբերյալ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 12-ին դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ շարունակվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ  սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով նախնական դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում դատավոր Նախշաքարյանը հրապարակեց կողմերի ապացուցման բեռը: Ըստ որի՝ հայցվորը պետք է ապացուցի, որ հոդվածում տեղ գտած արժանապատվությունը արատավորող ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որ դրա հետեւանքով առաջանում է պատասխանատվություն Փայլակ Հայրապետյանի համար եւ ոչ թե ԶԼՄ-ի:

Իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ լրատվամիջոցը նյութում խեղաթյուրված է ներկայացրել Հայրապետյանի խոսքերը, եւ 3 դրվագներով էլ պարոն Հայրապետյանը չի արտահայտել այն տեղեկությունները, որոնք տեղ են գտել նյութում: Պատասխանող կողմը պետք է նաեւ ապացուցի, որ առաջին եւ երրորդ դրվագներով, որ 7.5 միլիոն դոլար է փոխանցվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հաշվին եւ Տիգրան Սարգսյանի կողմից 90 կգ ոսկի ստանալը, տեղեկատվությունը կամ դրա մի մասը համապատասխանում է իրականությանը եւ զրպարտություն չեն հանդիսանում: Պետք է նաեւ ապացուցի, որ եթե նույնիսկ զրպարտություն տեղ է գտել, ապա դրանում Հայրապետյանի մեղքը բացակայում է եւ դա հանդիսանում է տվյալ լրատվամիջոցի աղավաղման արդյունքը, որ առկա են պատասխանատվությունից ազատվելու հիմքերը:

Հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը առարկեց հայցվորի վրա դրված ապացույցների բեռը, որ հոդվածում տեղ գտած արժանապատվությունը արատավորող ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Հայցվոր կողմի համար պրակտիկորեն անհնար կլինի ապացուցել որոշակի հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ որեւէ թույլատրելի ապացույցով ապացուցել, որ Տիգրան Սարգսյանը գումար ստացել է կամ չի ստացել պրակտիկորեն անհնար է, որովհետեւ բանկային հաշիվների քաղվածքները բերելու դեպքում միեւնույն է պատասխանողը կարող է նշել, որ կարող է ուրիշ բանկային հաշիվ էլ լինի»:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը եւս առարկություն ուներ, ըստ նրա Փայլակ Հայրապետյանը չի կարող ապացուցել, որ լրատվամիջոցը խոսքը խեղաթյուրել է: Նրա գնահատմամբ՝ անհամաչափ ծանր բեռ է դրվում Փայլակ Հայրապետյանի վրա. «Նա հնարավորություն չունի ապացուցելու, որովհետեւ ձայնագրությունը, այն նյութական կրիչը, որից օգտվել է լրատվամիջոցը, գտնվում է հենց լրատվամիջոցի մոտ»:

Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով դատարանին որոշում ընդունել զրպարտության փաստի վերաբերյալ:

Գրիշա Բալասանյանը միջնորդեց, որ դատական նիստը հետաձգվի, որպեսզի այդ ընթացքում կարողանա ապացույցներ ձեռք բերի: Նա նշեց, որ եւս մեկ նախնական դատական նիստի անհրաժեշտություն է տեսնում, սակայն Արամ Օրբելյանը դեմ էր այդ գաղափարին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Իսկ մինչեւ նոյեմբերի 12-ը կողմերին ժամանակ է տված լրացուցիչ ապացույցները ներկայացնելու համար:

Ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող  սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես՝ Փայլակ Հայրապետյանը նշել է, որ  «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031