Հոկտեմբերի 10-ին Նիդերլանդների Ասեն քաղաքի «Պոդիում Զաուդհախե» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում և Նիդերլանդներում բնակվող հայ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը, որ կազմակերպվել է Ասենի «Արմենիա» միության կողմից, գործելու է 6 շաբաթ և ներկայացնում է հայազգի նկարիչներ Պետրոս Մարկոսյանի (Ալմելո), Սամվել Հարությունյանի (ՀՀ), Մովսես Պողոսյանի (ՀՀ), Աննա Ֆադոյի (Ասեն) և քանդակագործ Համբարձում Սայադյանի (Ասեն) ավելի քան 80 գործ:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցներին իր խոսքն ուղղեց Ասենի փոխքաղաքապետ Ռուդ Վիսեմանը, ով հիշեց Ասենում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ ծավալված գործընթացները և դրա կարևորությունը որպես հանցագործության դատապարտման գործում էական գործոնի: Մասնակիցների առջև ելույթ ունեցավ նաև «Պոդիում Զաուդհախե» մշակութային կենտրոնի տնօրեն Կ. Նյուվելն, ով գոհունակություն հայտնեց մշակութային կենտրոնի տանիքի ներքո նման ցուցահանդես հյուրընկալելու հնարավորության կապակցությամբ:
Բացման արարողության մասնակիցներին իր ուղերձը հղեց նաև ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Նա կարևորեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում նման ցուցահանդեսի բացումը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի կենսականությունն ու արարելու ջիղը, ինչն իր արտացոլումն է գտել ներկայացված նկարների գույների ու պատկերների մեջ: Նա նշեց, որ ցեղասպանություն մտահղացած ոճրագործ մտքի լավագույն պատասխանն անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունն է, որն իր բարեկամների ու աջակիցների հետ ջանում է հայ ժողովրդի համար կերտել ապահով, բարգավաճ ու պայծառ ապագա:
Ցուցահանդեսի բացման արարողությանը հայ ավանդական դուդուկի կատարումներով հանդես եկան Նիկոլայ Ռոմաշուկը ու Վահե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ