Նա փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել
Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. հուլիսի 28-ին ծնված Արմեն Պավելի Հարությունյանը 2014 թ. հուլիսի 10-ին ծանոթացել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակչուհի, 1999թ. հուլիսի 14-ին ծնված աղջկա հետ,նրանք հավանել են իրար: Նրանք փոխադարձ համաձայնությամբ նույն օրը փաստական ամուսնական կապի մեջ են մտել եւ շուրջ երկու շաբաթ Տավուշի մարզի Իծաքար գյուղում՝ Արմեն Հարությունյանի տանը ապրել ամուսնական կյանքով:
Նախկինում չդատված, ամուսնալուծված Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): 2015թ. փետրվարի 24-ին նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2015թ. հուլիսի 4-ին ստացվել է փորձագիտական եզրակացությունը, ըստ որի Ա. Հարությունյանը մանկուց տառապում է «թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն (արտահայտված դեբիլություն)՝ գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետեւանքով, ցնցումային նոպաներ անամնեզում» ախտորոշմամբ սակավամտությամբ, եւ որ Ա. Հարությունյանին հարկ է ճանաչել անմեղսունակ, եւ նրա նկատմամբ նշանակել արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ տարածքային հոգեբույժի հսկողության տակ:
Կարդացեք նաև
2015թ. սեպտեմբերի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշել է անմեղսունակ ճանաչված Արմեն Հարությունյանին ազատել քրեական պատասխանատվությունից եւ պատժից, ու նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբույժի կողմից արտահիվանդանոցային հսկողության եւ հարկադիր բուժման ձեւով, որը պետք է իրականացվի Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբույժի կողմից:
Լուսանկարը՝ www. psysocialis.ru-ի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ