Գրիշա Բալասանյանի կարծիքով՝ հրապարակվածը զրպարտություն չէ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 12-ին դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ շարունակվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով նախնական դատական նիստը:
Գործով երկրորդ պատասխանող հանդիսացող «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ն չէր ներկայացել դատարան: Դատավոր Նախշքարյանը հայտնեց, որ դատարանը ծանուցել է կողմին, սակայն նամակները վերադարձվել են, դատարանը փորձել է ծանուցել նաեւ էլեկտրոնային եղանակով:
Նախկին վարչապետի ներկայացուցիչ Արամ Օրբելյան ասաց, որ կողմը խնդրում է դատարանին պատասխանող Փայլակ Հայրապետյանից ի օգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 միլիոն դրամ որպես վնասի հատուցում եւ պարտավորեցնել նրան նույն ԶԼՄ-ի կայքում, այն է shamshyan.com, հրապարակել հերքման տեքստ նախորդ հրապարակման մեջ տեղ գտած զրպարտող արտահայտությունների մասին: Այդ արտահայտությունները, ըստ կողմի, 3-ն են՝ 7.5 միլիոն դոլար Տիգրան Սարգսյանի հաշվին փոխանցելը, Տիգրան Սարգսյանի կողմից 90 կգ ոսկի ստանալը եւ 2009 թվականին էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպմանը մասնակցելը:
Կարդացեք նաև
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն ասաց, որ ինչ-որ հրապարակվել է զրպարտություն չէ, սակայն լրատվամիջոցը բարեխղճորեն չի վերարտադրել Փայլակ Հայրապետյանի խոսքը. «Բոլոր 3 դրվագներով էլ խոսքը խեղաթյուրված է: Ես շատ կցանկանայի, որ երկրորդ պատասխանողը գար եւ հրապարակեր այն ձայնագրությունը, որտեղ Փայլակ Հայրապետյանն այդպես է արտահայտվել»:
Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ Փայլակ Հայրապետյանը ասել է, որ այդ գումարը փոխանցել է ընկերության հաշվեհամարին, որի բաժնետեր է նաեւ Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած գործարարների հանդիպմանը՝ նա նշեց, որ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ նախկին վարչապետին հանդիպել է նախարարության աստիճաններին: Իսկ ոսկու գնման մասին, ըստ կողմի, Փայլակ Հայրապետյանն ասել է, որ ոսկին գնել է Աշոտ Սուքիասյանը:
Արամ Օրբելյանը հանդես եկավ միջնորդությամբ. «Հաշվի առնելով այն, որ պատասխանող կողմը պրակտիկորեն գտնում է, որ տվյալ տեղեկատվությունները ինքը չի նշել եւ տվյալ տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը տվյալ դեպքում առաջացել է որոշակի անհնարինություն, քանի որ Փայլակ Հայրապետյանը կամ առնվազն ներկայացուցիչը պնդում է, որ ձեւակերպումներն այլ են եղել, ԶԼՄ-ն այլ ձեւակերպումներ է ձեւակերպել: Տվյալ դեպքում Տիգրան Սարգսյանի պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու լույսի ներքո, մենք խնդրում ենք դատարանին անցնել արագացված դատաքննության եւ ընդամենը հաստատել պահանջների մի մասը»:
Արամ Օրբելյանը մանրամասնեց, որ հրաժարվում է կոնկրետ գումարի պահանջի մասից:
Գրիշա Բալասանյանը համաձայն չէր միջնորդությանը. «Հաշվի առնելով, որ այդ հերքումները եւ դրանց հետեւանքները կրում է իմ վստահորդը: Ինչ վերաբերվում է իրեն, ապա քրեական գործով առայժմ դատավարություն է գնում, հետեւաբար՝ ձեռնտու չէ հերքումն այս պահին՝ հաշվի առնելով ապացույցների այն բազան, այն փաստերը, որը ներկայացվել է դատարանը: Այստեղ որոշ հայտարարություններ վերացական են, օրինակ՝ խորհրդակցությանը ներկա գտնվելն ինչո՞վ է արատավորում կամ վնասում վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե նույնիսկ ընդունենք, որ նա մասնակցել է: Մյուսը՝ հստակ երեւում է, որ ոսկու գնորդը Աշոտ Սուքիասյանն է, այստեղ ինչո՞վ է վնասվում Տիգրան Սարգսյանի բարի համբավը: Մյուսը վերաբերվում է գումար փոխանցելուն, գումար փոխանցելու մասով էլ ասացի, որ փոխանցվել է այն ընկերության հաշվեհամարին, որի բաժնետերը Տիգրան Սարգսյանն է»:
Դատարանը անհիմն համարեց Օրբելյանի միջնորդությունը եւ մերժեց այն:
Արամ Օրբելյանը հայտարարեց, որ հետ է վերցնում իր առաջարկը, թե կողմը հրաժարվում է գումարի պահանջի մասից, պատճառաբանելով, որ պատասխանող կողմն առարկում է:
Ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես՝ Փայլակ Հայրապետյանը նշել է, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ