Այսպես է կոչվում գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին նվիրված վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմի հեղինակները՝ Ազա Բաբայանն ու Վադիմ Դուբնովը, այսօր պրեմիերայից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում ասացին, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մեկ տարի, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել այն մարդկանց հետ, ովքեր ճանաչել են մեծ գրողին թե՛ Ռուսաստանում, թե՛ Էստոնիայում, թե Միացյալ Նահանգներում:
Գրեթե 60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնում է Դովլաթովի ստեղծագործության տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձում է բացահայտել գրողի երկերի յուրահատկությունը:
«Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմն ունի գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է նախաբանից, վեց տարբեր մասերից ու վերջաբանից: Յուրաքանչյուր մաս սկսվում է Դովլաթովի գործերի ընթերցումով, ներկայացվում է գրողի գրքերից մեկը:
Կարդացեք նաև
Սերգեյ Դովլաթովի մասին պատմող հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
«Վստահ եմ, որ ժամանակի և ընդհանրապես բոլոր իմաստներով շատ պահանջված ու անհրաժեշտ մի գործ է ստեղծվել, որի շնորհիվ շատերը կարող են բացահայտել բոլորիս կողմից սիրված և իր մեջ մի շարք մշակույթներ, արյուններ (այդ թվում՝ հայկական) կրող այս գործչին ու մեծ մարդուն»,- նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանը:
Նշենք, որ այս երեկո ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն նաև Դովլաթովի այրին ու դուստրը՝ Ելենա և Եկատերինա Դովլաթովաները, ովքեր նաև լրագրողների հետ հանդիպմանն էին ներկա: Լրագրողների հարցերին պատասխանելիս սակավախոս էին, բայց նրանց աջակցությունը ֆիլմի ստեղծման աշխատանքներին զգալի է եղել. տրամադրել են արխիվային նյութեր, լուսանկարներ, գրողի հարցազրույցներ և այլն:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ