Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան հերթական խորհրդակցությունները։ Էստոնական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Տրանսատլանտյան հարցերով փոխքարտուղար Մարտ Լաանեմայեն, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էստոնական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան առևտրատնտեսական կապերի և գոյություն ունեցող ոլորտային փոխշահավետ համագործակցության խթանման հեռանկարներին։ Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։
Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում հայ-էստոնական համագործակցությանը։
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Փոխնախարար Նազարյանն իր էստոնացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց վերջին շրջանում հաճախակիացած ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ տեղ գտած զարգացումները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ