«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն առայժմ կսպասի եւ կհետեւի, թե որ ուժն ինչպես է պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ ըստ այդմ էլ կորոշի՝ աջակցել որեւէ ուժի՝ սահմանադրական փոփոխությունները տապալելու ուղղությամբ: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նոր նախաձեռնության ստեղծման մասին: Նշենք, որ այսօր հայտարարվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորման մասին, որի խորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուքասզյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ՀԱԿ-ի հետ մարտավարական տարբերություններ կան. ՀԱԿ-ը գտնում է, որ պետք է աշխատել «ոչ»-ի ուղղությամբ եւ ամեն ինչ անել քայլ առ քայլ, իսկ իրենք գտնում են, որ այս իշխանությունների հետ չպետք է գնալ հանրաքվեի:
Այս երկու ճակատների մարտավարությունների տարբերությունների մասին էլ պարոն Գրիգորյանն ասաց, որ եթե նրանք բոլորն աշխատում են սահմանադրական փոփոխությունների դեմ ու քայլեր են ձեռնարկում, ապա որեւէ խնդիր չկա:
Aravot.am-ի այն հարցին՝ «Չեք անցկացնի»-ն հնարավո՞ր է միանա «Նոր Հայաստանի»-ն, Արմեն Գրգորյանն ասաց. «Որ պահին տեսնենք, որ ուժն ավելի արդյունավետ է աշխատում, տարբերություն չկա՝ ով ում կմիանա: Այստեղ խնդիրը միանալը չէ, կարեւորն այն է, որ սահմանադրական փոփոխությունները տապալվեն: Եթե սահմանադրական փոփոխությունների տապալման ուղղությամբ մենք տեսնենք այդ գործընթացը հաջողության է հասնում, ապա մենք խնդիր չենք տեսնում՝ օգնել իրենց այդ նպատակին հասնելու համար»:
Կարդացեք նաև
Որքանո՞վ արդյունավետ կլինի մի քանի ճակատով պայքարը, այլ ոչ թե՝ մեկ միասնական ուժերով մոբիլիզացված ճակատով պայքարը, արդյոք մի քանի ճակատով պայքարը չի ձախողի սահմանադրական փոփոխությունների տապալումը, «Չեք անցկացնիի» անդամը նշեց, որ ասենք՝ բրգաձեւ պայքարն իր առավելություններն ու թերություններն ունի, իսկ այն մակարդակը, որով աշխատում է «Չեք անցկացնի»-ին՝ հորիզոնական է, եւ սա էլ իր առավելություններն ու թերություններն ունի. «Սրանք կարելի է անվերջ քննարկել, բայց ինձ թվում է ընթացքը ցույց կտա, որ տարբերակն է ավելի լավ աշխատում: Հնարավոր է այս տարբերակն ավելի արդյունավետ աշխատի եւ տարբեր խմբեր, տարբեր միջոցներով փորձեն մոբիլիզացնել, ինչ-որ պահի միանան իրար ու փորձեն սահմանադրական փոփոխությունները տապալել: Մարտավարական այդ մեթոդները կարելի է անընդհատ քննարկել, բայց ավելի շուտ պրակտիկան, ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն է ավելի լավ աշխատում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ