Ծերունին այգու նստարանին նստած, ականջակալները դրած բջջային հեռախոսից կլանված ռադիո-երաժշտություն էր լսում և նկատեց նրան միայն այն ժամանակ, երբ աղջիկը անիվավոր չմուշկներով սուրալով անցավ իր մոտով, բարձրացավ դիմացի ծառուղով, շրջադարձ կատարեց, ապա ետ դարձավ ու կրկին սուրաց նրա դիմացի սալահատակված ծառուղով:
Դրանում ոչ մի արտառոց բան չտեսնելով, ծերունին շարունակեց իր ռադիոլսումները, սակայն քիչ հետո անիվավոր չմշկորդուհին կրկին սուրալով անցավ իր դիմացով:
Երբ աղջիկը վերադարձին անցնում էր ծերունու դիմացի սալահատակի վրայով, նա նկատեց, որ աղջկա ոտքերը բավականին բարակ կառուցվածք ունեն և երկար են, իսկ հեռանալիս, արդեն մթնամած հորիզոնում, նրա մարմինը մեծ չափերի կարկինի էր նմանվում:
Չմշկորդուհու կատարած հաջորդ շրջանին, ծերունին նկատեց, որ աղջկա դեմքը գեղեցիկ է, բայց բնականից առավել մուգ, քան իսկական հայուհու դեմքն է:
Կարդացեք նաև
Չորրորդ շրջապտույտից հետո չմշկորդ աղջիկը բավական երկար ժամանակով չերևաց ծառուղում, երևի ինչ-որ տեղ նստած հանգստանում էր:
Ծերունին այգի էր գալիս հիմնականում զբոսնելու, քայլելու, որոշակիորեն նաև ժամանակը սպանելու նպատակով, այլ ոչ թե նստելու, հանգստանալու համար:
Հիմա նա ցանկանում էր տեղից վեր կենալ, քայլել, բայց հիպնոսացածի պես սպասում էր չմշկորդ աղջկան, իսկ նա երկար ժամանակ չերևաց ծառուղում և ծերունին փորձեց մի շրջան կատարել այգու ոլորապտույտ ծառուղիներով, սալահատակված ճանապարհով իջավ դեպի ներքև, որտեղ ավելի քիչ մարդիկ էին հավաքվում կամ նստոտում նստարաններին, զրուցում, ապա ետ վերադարձավ նույն երթուղով, կատարելով որոշակի շեղումներ գլխավոր ճեմուղուց, ապա վերադառնալով կրկին ճեմուղի:
Արդեն երկու անգամ նա կատարել էր այդ շրջանը, վերադարձել ելման դիրքին և որոշեց նստել նստարանին, որը, բարեբախտաբար, չէին զբաղեցրել իր բացակայության ժամանակ և մի քիչ հանգստանալ, հերթական շրջապտույտը կատարելուց առաջ:
Բավական երկար սպասեց նա իր նստարանին նստած, սակայն չմշկորդուհին այդպես էլ չհայտնվեց ճեմուղում:
Մի քանի շրջապտույտ կատարելուց հետո, ծերունին նայեց ժամացույցին, տեսավ տուն գնալու ժամանակն է և գլխավոր ծառուղով շարունակեց իր ճանապարհը, որպեսզի դուրս գա գլխավոր պողոտային հարող հետիոտների համար նախատեսված մայթային տարածություն, ապա շարունակի ճանապարհը մայթով դեպի տուն: Երկու րոպեի չափ քայլելով գլխավոր ծառուղով, հանկարծ նա նկատեց, որ չմշկորդուհին նստած է գլխավոր ճեմուղուց ճյուղավորված երկրորդական ճեմուղիներից մեկի նստարանին` զրույցի է բռնված այնտեղի մշտական այցելու տատիկների հետ:
Ծերունին ինքնաբերաբար ձեռքով արեց չմշկորդուհուն, չգիտես ինչու ենթադրելով, որ նա էլ նույնը կանի և չսխալվեց: Երիտասարդ աղջիկը ձեռքով հրաժեշտի նշան արեց և շարունակեց զրուցը տատիկների հետ:
Ծերունին տուն մտավ ոգևորված իր գտածոյով, նայեց հայելու մեջ, աչքով արեց իրեն, ժպտաց ու տխուր հայացքով պատրաստվեց լվացվելու, թեյ խմելու, ապա մի քիչ հեռուստացույց դիտելու և փորձելու քնել:
Վերջին գործողությունը իր մոտ շատ դժվար էր ստացվում: Երբ պառկում էր քնելու հազար ու մի խառնի-խուռն մտքեր ձաղկում, տրորում էին նրա ուղեղը: Նա մտքին էր գալիս իր չարքաշ մանկությունը, հետո պատանեկությունը, ապա` ուսանողական տարիները, հետո աշխատանք, ամուսնություն, երեխաներ, թոռներ, հետո` հիշում էր կորուստները, կորուստները…
Ամենասկզբում հայրը, որը զոհվել էր երկրորդ համաշխարհայինում` իրենց թողնելով միայն մայրիկի խնամքին, ապա` մեծ քույրը, մայրը, դպրոցական և ուսանողական ընկերները, աշխատակիցները, հարևանները, ծանոթները… Որքան շատ էին նրանք: Իսկ հիմա ինքը մենակ է, կարծես այս աշխարհի վրա, կնոջը նոր է կորցրել: Նա չէր ցանկանում որևէ մեկին բեռ դառնալ և մերժում էր այն բոլոր տարբերակները, որոնք առաջարկվում էին, սակայն որոնք օդում դատարկ կրակոցների էին նման և չէին համապատասխանում նրա մտածելակերպին: Մենակությունը խեղդում էր նրան, երբ երեկոները ազատվելով առօրյա հոգսերից ինքը մնում էր մենակ իր անձի և մտքերի հետ:
Գրեթե միշտ կեսգիշերին արթնանում էր, վեր կենում անկողնուց, լույսը վառում, նայում ժամացույցին, ապա գնում խոհանոց, ջուր խմում, ետ վերադառնում նորից պառկում անկողնում, բայց այս անգամ ավելի հեշտ քուն մտնում, քան երեկոյան:
Իսկ այսօր այդ բոլորի մասին գրեթե մոռացել էր և անընդհատ հիշում էր չմշկավոր աղջնակին:
Հաջորդ երկու օրերին ծերունին այգու նույն նստարանին նստած, ռադիականջակալները դրած երաժշտություն էր լսում ու սպասում անիվավոր չմուշկներով աղջկան: Բայց նա այդպես էլ չերևաց:
Հինգ օր անց իրենց առաջին հանդիպումից հետո, աղջիկը կրկին երևաց ծառուղում և ծերունին թեթևություն զգաց, որ նրան նորից գտավ:
Երկու շրջադարձից հետո, աղջիկը մի փոքր դանդաղեցրեց ընթացքը, երբ մոտենում էր ծերունու նստարանին: Ծերունու սիրտը արագ բաբախեց, նա տեղից վեր կացավ, առանց իրեն կորցնելու, հանեց ձախ ականջի ականջակալը և պարզեց չմշկորդուհուն, ցանկանալով նրան ցույց տալ իր լսելիք երաժշտությունը, մտածելով իրազեկել նրան, որ ինքը լսում է այն նույն երաժշտությունը, որը ժամանակակից հիթերից է: Սակայն, չգիտես ինչու աղջիկը կամ չհասկացավ ծերունու մտադրությունը, կամ էլ ուղղակի արհամարհեց ու արագացրեց ընթացքը:
Ծերունին շատ ընկճվեց այդ վարվեցողությունից, սակայն, չհուսահատվեց: Նորից մի քանի շրջան քայլք կատարելով այգու ծառուղով, նա վերադարձավ իր տեղը, սակայն այն արդեն զբաղեցրել էին ուրիշները: Նա որոնեց ու գտավ մի այլ ազատ նստարան, բայց աղջիկը այլևս չերևաց ծառուղում:
Ծերունին այդ երեկո էլ տուն վերադարձավ այն հույսով, որ վաղը չմուշկներով աղջիկը , անպայման, կլսի իր երաժշտությունը, իսկ եթե ոչ վաղը, գուցե մյուս օրը:
Օրերը դանդաղ անցնում էին, ծերունին գալիս նստում էր իր նախընտրած ազատ նստարանին, սպասում, թե երբ կերևա իր չմշկորդուհին: Բայց նա այդպես էլ չէր երևում:
Հետո ծերունին, երևի, մրսեց, հիվանդացավ թեթևակի ու մի շաբաթ այգի չգնաց: Սակայն այդ օրը, երբ նա պատրաստվում էր կարճատև դադարից հետո այգի գնալ, ներքին ձայնը լավատեսորեն հուշում էր նրան, որ ինքը, անպայման, կտեսնի իր չմշկորդուհուն:
Եվ այդպես էլ եղավ: Հազիվ էր ծերունին այգու ծառուղի մտել, երբ հեռվից նկատեց սուրացող չմշկորդուհուն, որը դեպի իրեն էր գալիս հանդիպակաց ծառուղով: Նա արագ սլացքով անցավ իր կողքով, ժպտաց ու արագացրեց ընթացքը: Ծերունին շտապեց դեպի իր նստարանը, հարմար տեղավորվեց, ականջակալները դրեց ականջներին և միացրեց խենթացնող երաժշտությունը, իսկ այդ պահին չմշկորդուհին կրկին սուրաց իր մոտով, ժպտալով աչքով արեց, հասավ ծառուղու նստարաններից մեկի ազատ նստարանին նստած տատիկին, տեղավորվեց նրա կողքին ու զրույցի բռնվեց նրա հետ:
Ծերունին երկար սպասեց, որ չմշկորդուհին նորից սուրա իր մոտով ու ժպիտ պարգևի իրեն, բայց նա այդպես էլ նոր շրջան չգործեց: Իսկ այգում արդեն աշնանային ցուրտը նեղում էր և թեթև հագնված ծերունին ի զորու չէր դիմադրելու այդ սառնությանը: Նա դանդաղորեն վեր կացավ տեղից, քայլեց գլխավոր ծառուղուն հակառակ ուղղությամբ, սովորականի նման հասավ նրա ծայրին, ետ դարձավ այն ակնկալիքով, որ չմշկորդուհին սահելուց կլինի, բայց ավաղ, նա նստած էր նույն տատիկի կողքին, որտեղ ավելացել էր նաև մի անծանոթ ծերունի, երևի աղջկա պապիկը:
Ծերունին արագ քայլերով անցավ նրանց կողքով, ժպտաց չմշկորդուհուն, ձեռքով հրաժեշտ տվեց, ստացավ պատասխանը ու քայլերն ուղղեց դեպի տուն:
Նա հաստատ գիտի, որ վաղը նորից է գալու այգի, որպեսզի տեսնի այդ անիվավոր չմուշկներով աղջկան` ինքն էլ չիմանալով, թե ինչու….
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ