Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը

Հոկտեմբեր 12,2015 17:27

Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեցին հինգ բանաձևեր, որոնց թվում էր Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Դրանում հղում է կատարվում ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ հարգանքի տուրք էր մատուցվում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և զորակցություն հայտնվում հայ ժողովրդին։

Բանաձևում, մասնավորապես նշվում է, որ Կազմակերպությունը խստորեն դատապարտում է մարդկությանը հսկայական կորուստներ պատճառած բոլոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները, և հարգանքի տուրք մատուցելով այդ հանցագործությունների զոհերի հիշատակին՝ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները ամրապնդելու նպատակով:

Համաձայն ընդունված բանաձևի՝ կազմակերպությունը պարտավորվում է նաև ամրապնդել պետությունների և կառավարությունների միջև համագործակցությունը այդ հանցագործությունների պատասխանատուների անպատժելիությանը վերջ դնելու համար:

Նախարարական համաժողովը ընդունել է նաև հետևյալ բանաձևերը՝ Ֆրանկոֆոնիան որպես խաղաղության, հանդուրժողականության, բազմազանության, երկխոսության և փոխըմբռնման տարածքի մասին բանաձեւ, Կլիմայական փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի անդամ պետությունների 21-րդ համաժողովի մարտահրավերների մասին բանաձև, Փախստականների և միգրանտների մասին բանաձև, Ֆրանկոֆոնիայի կառույցներին երիտասարդության մասնակցության մասին բանաձև:

Վերոհիշյալ փաստաթղթերից ևս երկուսը՝ «Ֆրանկոֆոնիան որպես խաղաղության, հանդուրժողականության, բազմազանության, երկխոսության և փոխըմբռնման տարածք» ու «Կլիմայական փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի անդամ պետությունների 21-րդ համաժողովի մարտահրավերների մասին» բանաձևերն ընդունվել են Հայաստանի նախաձեռնությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031