Այսօր «Բանանց» ՖԱ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում ակումբը լրագրողներին ներկայացրեց իր գործունեության նոր, արմատապես փոխվող ծրագիրը:
Ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն նշեց, որ ակումբի բաժնետերերը համաձայնել են Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով «Բանանց» ֆուտբոլային ակումբում անժամկետ ներդրումներ կատարել: Սակայն նաեւ ընդգծեց, որ հաշվարկել են՝ դա առանձնապես լուրջ լրացուցիչ ծախսերի հետ կապված չէ, այլ խոսքը մինչեւ այժմ հատկացված գումարներն ավելի նպատակային օգտագործելու մասին է:
Նրա խոսքերով, այսուհետեւ գլխավոր ուշադրություն դարձվելու է ակումբում տարվող ուղղահայաց աշխատանքների ճիշտ ու արդյունավետ կազմակերպմանը, սկսած գլխավոր թիմից, վերջացրած երիտասարդականներով ու մանկապատանեկաններով: Ու, որ նույնպես անչափ կարեւոր է, մարզիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելով: Այդ նպատակով «Բանանցը» հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել է իսպանացի բազմափորձ մարզիչ Տիտո Ռամալյոյին, որի հետ միասին ակումբում աշխատելու են վերջինի ընտրած մասնագետները:
Ինքը՝ Տիտո Ռամալյոն, ասաց, որ «Բանանցի» ներկայացրած նոր ծրագիրը հետաքրքրել է իրեն եւ ինքը դրա համար է համաձայնել աշխատել: Ռամալյոն իր մարզչական թիմի հետ մտադիր է «Բանանցի» բազայի վրա նոր հիմքերի վրա դնել հայկական ֆուտբոլը՝ նախապատվությունը տալով տեղի կադրերին: Դրա համար նրանց դեռ ժամանակ է պետք: Հարկավոր է փոխել Հայաստանում ֆուտբոլի հետ կապված մտածելակերպը: Պարոն Ռամալյայի խոսքերով, ակումբում կադրային փոփոխություններ, հնարավոր է, լինեն բոլոր մակարդակներում: Բայց ինքն այդ հարցում չի շտապելու:
Կարդացեք նաև
Խոսելով արտերկրից հրավիրվելիք ֆուտբոլիստների քաղաքականության մասին՝ Ռոման Ասխաբաձեն հատուկ նշեց, որ մարզչական նոր կազմի հետ միասին եկել են ընդհանուր համոզման. շեշտը առաջին հերթին պետք է դնել տեղի կադրերի վրա (թե ֆուտբոլիստներ, թե մարզիչներ) եւ եթե դրսից ֆուտբոլիստ հրավիրելու անհրաժեշտություն լինի, հրավիրել միայն այնպիսիներին, որոնք մեկ գլխով բարձր կլինեն այստեղ եղածներից:
«Մենք այսօր աշխատում ենք «Բանանցում» եւ վաղը կարող ենք գնալ: Բայց ակումբը մնալու է: Դրա համար էլ ուզում ենք անել այնպես, որ ակումբը շարունակի ճիշտ գործել ու հաջողություններ արձանագրի», – ասացին Ռոման Ասխաբաձեն եւ Տիտո Ռամալյոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ