«Ես խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին այս թեման եւս չշահարկել, լրագրողական ժանրի հերթական լեգենդը չդարձնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին` Երեւանի ավագանու նիստը դուք եք վարել եւ խոսակցություններ կան, որ դուք եք հորդորել Թամար Պողոսյանին` հրաժարականի դիմում ներկայացնել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից. դա իրականությանը համապատասխանո՞ւմ է:
«Այո, ԲՀԿ ավագանու խմբակցության նիստը վարել եմ ես, տիկին Պողոսյանն էլ ներկայացրել է հրաժարական ու պատճառը շատ պարզ է` խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ կուսակցությունը որոշել է իր ռեսուրսները, իր կադրերին ավելի ճիշտ եւ օպտիմալ տեղաբաշխել»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Թամար Պողոսյանն անցած տարիների ընթացքում շատ հրաշալի է աշխատել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն, կուսակցությունն այժմ քաղաքական որոշում է կայացրել ու նպատակահարմար է գտել, որ տիկին Պողոսյանն իր ներուժն այլեւս առավելապես կենտրոնացնի կուսակցական-կազմակերպչական աշխատանքների վրա»:
Հենց այսօր, ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի հրաժարականից անմիջապես հետո, Թամար Պողոսյանը Նաիրա Զոհրաբյանի հրամանով նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար: Կանանց խորհրդի նախագահի պաշտոնում Թամար Պողոսյանի լիազորությունները դեռ ԲՀԿ քաղխորհուրդը պիտի հաստատի:
«Մենք գտնում ենք, որ տիկին Պողոսյանը շատ լուրջ կազմակերպչական ունակություններ ունի, որոնք պետք է առավել արդյունավետ օգտագործվեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ առաջիկայում, կուսակցության տարածքային կառույցներում եւս հնարավոր են կադրային տեղափոխումները:
Կարդացեք նաև
Մեր հարցին` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի շտաբը ղեկավարի Թամար Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նման հարց դեռեւս չի քննարկվել: Բայց, կարծում եմ, որ Թամար Պողոսյանը շատ ավելի կարեւոր առաքելություն ունի իրականացնելու ԲՀԿ-ում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ