Գյումրու վագոն-տնակներում, հարյուրավոր ընտանիքներ և երեխաներ են բնակվում, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ ցամաք հացի համար:
Անօթևան ընտանիքների վիճակը առավել ծանրանում է Շիրակի տարածաշրջանին յուրահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, երբ տասնյակ ընտանիքներ պարտադրված ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից: Նրանք վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Բազմաթիվ անհատ հովանավորների և կազմակերպությունների աջակցությամբ, ժամանակավոր կացարաններում պատսպարված անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ձեռնարկը մի իսկական փրկօղակ է դարձել նրանց համար:
«Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս իրականացնելու է «Ջերմություն անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց և կազմակերպություններին և կոչ անելում մասնակցել և ներդրում անել վառելափայտի տրամադրմամբ, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին:
«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ