Այսօր մեկնարկեց ԱրմԹեք Կոնգրես 2015 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաժողովի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստակամ է ոլորտը շարունակական ուշադրության կենտրոնում պահել:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կառավարությունն ինչքանով է նպաստում ոլորտի զարգացմանը:
«Կառավարության լուման այս ոլորտում շատ փոքր է, այս ոլորտն ինքն իրեն է աճում: Կառավարությունը մի դրական քայլ է արել՝ հարկային արտոնություններ է տվել, ինչը, իհարկե, դրական ազդեցություն ունի, որովհետեւ որոշ ընկերություններ ստվերից դուրս են գալիս: Բայց կառավարությունը շատ ավելին կարող էր անել: Օրինակ մեր հարեւան Թուրքիան արտոնություններ տվեց ոչ միայն փոքրերին, այլեւ կապիտալիստներին, այնտեղ ներդրողները ստացել են բավականին լուրջ արտոնություններ, ինչը բերել է նրան, որ համաշխարհային կապիտալը սկսել են քաշել դեպի Թուրքիա: Այս տեսանկյունից մեր կառավարությունը, կարծում եմ՝ շատ ավելի արտոնություններ կարող է մտցնել ոլորտ՝ հաշվի առնելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենադինամիկ աճող ոլորտն է: Այս ոլորտին էլ է լուրջ հարվածում արտագաղթը, այնպես որ կառավարությունը կարող է ավելի շատ խթանել զարգացումը՝ այսպես ասած, ձեռք չտալով ու թեթեւացնելով հարկային բեռը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ հայկական կազմակերպությունները նախկին` պատվեր կատարող ընկերություններից վերածվում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կազմակերպությունների, որոնց թողարկած մրցունակ ապրանքը իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։
Սամվել Մարտիրոսյանն այս առումով համաձայնեց վարչապետի հետ՝ ասելով, որ
ՏՏ ոլորտի մասնագետներն արդեն դրսի պատվեր կատարողից վերածվել են արտադրող ու արտահանողների: Բայց նա ոլորտում լուրջ խնդիրներ էլ է արձանագրել.«Կրթական ոլորտը չի կարողանում ապահովել որակով ու քանակով մասնագետներ, մեծ մասը ինքնուս են լավ մասնագետ դառնում ու մեծ քանակի մասնագետների պակաս կա, ընդհուպ մինչեւ երկու հազար մասնագետի թափուր տեղ կա: Մասնագետների արտագաղթը լուրջ վտանգ է, պրոֆեսիոնալներ են դուրս գնում»:
Վարչապետի տվյալներով, 2008-2014թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20% աճ, ինչը, ըստ վարչապետի, պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ