ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումը տեղի կունենա այս աշնանը: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, այսօր արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա այն ինչ տեղի է ունենում այնտեղ, անհանգստություն է առաջացնում: Մասնավորապես բռնության աճը, որը գրանցվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»,- Եվրասիայում անվտանգության ապահովման հարցերով ԵԱՀԿ մշտական խորհրդի ընդլայնված նիստում, մասնավորապես նշել է Զանյերը:
Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարների հետ համագործակցությունը պետք է ավելի սերտանա. «Մենք հանդիպումներ ենք ունեցել արտաքին գործերի նախարարների հետ, ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին: Երևի, մի հանդիպում էլ աշնանը կլինի եւ մենք հույս ունենք, որ նախագահները նույնպես կհանդիպեն: Սակայն շատ կարեւոր է միջազգային աջակցություն ցուցաբերել այս գործընթացին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ