Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական անհնազանդության միջոցով այս ռեժիմին պարտադրել հեռացում». Սեֆիլյանը՝ նոր մարտավարության մասին

Հոկտեմբեր 12,2015 13:35

Այսօր հրավիրած ասուլիսում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարեց, որ սկսում են իրենց պայքարը ոչ միայն ոչ ասելու Սահմանադրական փոփոխություններին, այլեւ հեռացնելու այս իշխանությանը:

«Մինչեւ հանրաքվեն մենք խնդիր ունենք հեռացնելու այս իշխանություններին, ձեւավորելու անցումային կառավարություն, հետո անցնելու արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա ասաց, որ այս օրակարգը իրենց համար նոր չէ եւ ուրախ է, որ միասնական ճակատի շուրջ հավաքված բոլոր ուժերը կիսում են այդ օրակարգը:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջով դուք կտապալեք Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը՝ Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց. «Այդպես չենք համարում: Մեր երկրում այսօր կա 3 քարոզարշավ՝ այո-ի քարոզարշավը՝ պետական ողջ ռեսուրսներով, ոչ-ի քարոզարշավը, մենք հանդես ենք գալիս նոր օրակարգով եւ նոր քարոզարշավով՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Սրանք լրացնում են իրար: Արտահերթ ընտրությունների հիմքը մեր քմահաճույքը չի: ՀՀ-ում սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով իշխող կուսակցության ղեկավարությունը յուրացրել է իշխանությունը»:

Aravot.am-ի հարցին՝ բազմաթիվ անգամ վերջնաժամկետներ են դրվել այս իշխանությանը տապալելու, հեռացնելու, բայց ոչ մի հաջողության չեք հասել, ինչո՞ւ եք գտնում, որ այս անգամ պիտի հաջողության հասնեք, ի՞նչն է ավելացել այս անգամ՝ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ավելացել է այն նոր մարտավարությունը, որ ընդդիմությունը պետք է իր հույսը դնի դրա վրա, այն է՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով այս ռեժիմին պարտադրել հեռացում: Այս պատճառով մենք շուտով հասնելու ենք մեր նպատակին»:

Իսկ Անդրեաս Ղուկասյանը հավելեց, որ միշտ եղել է թեկնածու, որի շուրջ համախմբում է եղել, իսկ հիմա թիմ է, կոնկրետ մարդու շուրջ չի համախմբումը. «Կարգախոսը ազատ, արդար ընտրություններն են: Որեւէ քաղաքական ուժ չի կարող անմասն մնալ այս օրակարգից: Գաղափարի շուրջ ավելի հեշտ է համախմբվել, քան այս կամ այն գործչի շուրջ»:

Հարցին՝ ինչո՞ւ Պարույր Հայրիկյանը չի մասնակցում՝ Չուքասզյանը պատասխանեց, որ նա կիսում է իրենց գաղափարները, բայց գերադասեց քաղխորհրդի կազմում չլինել, մնալ դիտորդի կարգավիճակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031