«Դուք կարողացաք ի մի բերել ձեր ուժը եւ դուրս գալ ցեղասպանությունից: Հայաստանն այն վայրն էր, որտեղ պետք էր խոսել այդ մասին: Չկան տեղային ողբերգություններ ու ճգնաժամեր: Այլեւս միասին`հանուն աշխարհի պետք է խոսել սրա մասին: Ձեր պատմության այդ դառը էջը միայն հայկական էջ չէ: Մենք երթով քայլեցինք դեպի Ցեղասպանության հուշահամալիր`մեր մեջ կրելով մեր փորձառությունը»,- այսօր ՀՀ արտգործնախարարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Տիկին Ժանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման աշխատանքների ավարտից հետո Հայաստանում էր պաշտոնական այցով:
Այցելության շրջանակներում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը: ՖՄԿ գլխավոր քարտուղարը կայցելի Էջմիածին, որտեղ նա կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Ըստ ՖՄԿ գլխավոր քարտուղարի, 31-րդ նախարարական համաժողովը Երեւանին ուղղեց աշխարհի ուշադրությունը: «Հնարավորություն եղավ մտքեր փոխանակել եւ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել`ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղության պաշտպանության, ցեղասպանությունների կանխարգելման, մեր երկրների տնտեսությունների զարգացման առումներով»,- ասաց տիկինը` հավելելով, որ Հայաստանի հանրապետության ղեկավարների հետ խոսելու են առավելապես հնարավոր տնտեսական համագործակցությունների թեմայով. «Առավոտյան հանդիպել եմ ֆրանսերենի դասախոսների հետ, ովքեր հարատեւ են դարձնում ֆրանսերենը Հայաստանում: Սա զուտ լեզվական խնդիր չէ, այլ մի լրացուցիչ պատուհան է, որը Հայաստանի համար բացվում է դեպի աշխարհ`հնարավորություն տալով համագործակցությունների ավելի լայն տարածք ներառել, 80 երկրներով»:
Կարդացեք նաև
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվս կարեւորեց ՖՄԿ նախարարական համաժողովը`այն հաջողված որակելով: Համաժողովն, ինչպես հայտնի է, ընդունել է հինգ բանաձեւ: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դրանցից երեքը Հայաստանն էր նախաձեռնել: Մեկը վերաբերվում էր ցեղասպանությունների կանխարգելմանը: «Նախարարական համաժողովը լավ հարթակ էր նաեւ երկկողմ հանդիպումների համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանն, որը 25 հանդիպում է ունեցել, համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: «Սա ևս մեկ առիթ էր, որպեսզի ՀՀ-ն ևս մեկ անգամ հաստատի իր հանձնառությունը՝ ի պաշտպանություն Ֆրանկոֆոն արժեքների ու նպատակների»,- ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը Միկայել Ժանին պարգեւատրեց ԱԳՆ-ի ոսկե մեդալով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ