ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, մշակույթի նախարարության եւ «Սասնա տուն» հասարակական կազմակերպության համատեղությամբ Ուջան գյուղում կայացավ ,,Սասնա ծռեր էպոսին նվիրված ,,Էպոսի օր,, ավանդական տոնախմբությունը: Համայնքը հյուրընկալել էր բազմաթիվ մասնակիցների մայրաքաղաքից, տեղի եւ այլ մարզերի համայնքներից:
Հանդիսությանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Իր ողջույնի խոսքում
նա ասաց, որ ,,Սասնա ծռեր,, էպոսը ուղեկցում է հայ ժողովրդին իր ողջ պատմության ընթացքում: Իսկ Դավթի հերոսական կերպարը, հիրավի, պաշտամունքի է վերածվել: Սասնա ծռերր իրենց մեջ ամփոփում են հայ ժողովրդին հատուկ արժանիքները` հայրենասիրություն, քաջություն, անպարտելիություն, ազնվություն, աշխատասիրություն: Այսօր, երբ իրականություն է դարձել մեր նախնիների գերագույն նպատակը, եւ Հայաստանն աշխարհին ներկայանում է իր անկախ եւ ազատ պետականությամբ, կատարվել է նաեւ նրանց` Սասնա ծռերի երազանքը:
Հնչեցին նաեւ հայկական մշակույթի մեջ Էպոսի ունեցած մեծ նշանակության, գեղարվեստական եւ գաղափարական արժանիքների մասին ելույթներ, շնորհակալության խոսքեր:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, թատերականացված բեմականացումներով: Ելույթներ ունեցան հանրապետության ճանաչված երգիչներ, Աշնակի, Ն. Բազմաբերդի, Ն. Սասնաշենի, Ուջանի, եւ այլ գյուղերի դպրոցների ու մշակույթի տների երաժշտական համույթները:
Հայկական ժողովրդական էպոսին նվիրված փառատոնը հանրապետությունում իրականացվում է ողջ տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակում էպոսյան թեմաներով կազմակերպվել են դասախոսություններ, զրույց-ընթերցումներ, ցուցադրություններ, դպրոցականների շրջանում անց են կացվել շարադրությունների մրցույթներ:
Արագածոտնի մարզպետարան