Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Խակ խաղողն ու վատ պարողը

Հոկտեմբեր 12,2015 14:30

Ինչի՞ է հանգեցնում ռացիոնալացման ծուղակը

Մեր ցանկությունները, ձգտումները, նպատակները եւ իրական արդյունքները հաճախ «իրար չեն բռնում»: Դա տեղի է ունենում ամեն մեկիս հետ, ամեն քայլափոխի: Մշտական սթրեսից խուսափելու համար մենք ունենք բազմաթիվ պաշտպանական մեխանիզմներ: Դրանցից մեկը իրավիճակի ռացիոնալացումն է: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերեմ դասագրքային օրինակ: Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, եւ նա պնդում է, որ խաղողը խակ է: Ուշադրություն դարձրեք, աղվեսը ոչ թե խաբում է, ոչ թե ձեւ է անում, որ խաղողի որակը վատն է, այլ ներքուստ համոզված է դրանում, նրա ենթագիտակցությունը միացրել է պաշտպանական մեխանիզմ, որպեսզի նա ցավ չզգա բացասական արդյունքի պատճառով: Այս ռացիոնալացման արդյունքում ոչ մի վատ բան տեղի չունեցավ՝ խաղողը մնաց իր տեղում, աղվեսը անհաջողությունից հետո վերականգնեց հոգեկան հավասարակշռությունը:

Ռացիոնալացումը, հետեւաբար, կարող է օգտակար լինել՝ օգնել մարդկանց («աղվեսներին») փրկել իրենց դեմքը: Ցավոք, նույն այդ պաշտպանական մեխանիզմը սովորաբար բացասական հետեւանքների է բերում, որովհետեւ առնվազն խանգարում է մարդկանց օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, եւ այդ դեպքում հոգեբանները դա կոչում են «ռացիոնալացման ծուղակ» (rationalization trap): Աղվեսի եւ խաղողի առակի հայկական ամենատարածված տարբերակը հետեւյալն է. հայ աղջիկը մերժում է հայ տղային, եւ վերջինս որոշ ժամանակ անց սկսում է լուրեր տարածել, որ աղջիկը «ման եկող է»: Դարձյալ շեշտեմ՝ վերցնում ենք այդ դեպքը, երբ մերժված տղան ոչ թե ուղղակի վրեժ է լուծում, այլ իսկապես կարողացել է ինքն իրեն համոզել, որ իրեն մերժածը վատ վարքի տեր է: Ռացիոնալացման սխեման տվյալ դեպքում բավականին պարզ է. «Եթե նա մերժել է ի՛մ նման հրաշք տղուն, ուրեմն նա փչացած է: Կամ՝ հիվանդ է: Կամ՝ իրականում շատ տգեղ է»: Այստեղ պաշտպանական մեխանիզմը խանգարում է թե՛ աղջկան, որին վարկաբեկում են, թե՛ տղային, որն իրեն նեղություն չի տալիս օբյեկտիվորեն կշռադատելու սեփական բարեմասնություններն ու թերությունները:

Եվ այդ տեսակի ռացիոնալացման ծուղակը կարելի է ընկնել ցանկացած անհաջողության դեպքում: Պողոսիկը դպրոցում «երկուս» է ստանում (չգիտեմ, թե ինչպես է այդ «երկուսը» հիմա կոչվում), բայց դպրոցից տուն ճանապարհին նա մտածում է ոչ թե այն մասին, թե ինչպես անի՝ հաջորդ անգամ դասը լավ սովորի, այլ՝ ինչպես արդարացնի իրեն նախ ի՛ր, իսկ այնուհետեւ՝ ծնողների աչքերում: Եվ նա գտնում է ռացիոնալացման ճանապարհը՝ օրինակ, «ընկեր Պետրոսյանն ինձ չի սիրում եւ սխալ պահանջներ է դնում իմ առջեւ»: Բարձր ինքնագնահատականը պահպանվում է, գիտելիքներ ստանալու ցանկությունը՝ նվազում: Հայտնի է, թե ինչ պատճառաբանություններ է գտնում վատ պարողը, որի հետեւանքով նա այդպես էլ չի սովորում լավ պարել:

Եվս մի պատմություն՝ այս անգամ այն մասին, թե ինչպես է ռացիոնալացման ծուղակն ուղիղ ճանապարհով տանում դեպի աղանդավորություն եւ մոլեռանդություն: Անցած դարի կեսերին ԱՄՆ-ում ապրող ոմն Մերիան Քիչը երազ էր տեսել, որ դեկտեմբերի 21-ին, ուղիղ կեսգիշերին Երկրագնդի վերջն է գալու եւ Կլարիոն մոլորակից գալու են թռչող ափսեներ, որպեսզի փրկեն իրեն եւ իր մերձավորներին: Մի քանի տասնյակ մարդ հավատաց այդ անհեթեթությանը: Նրանք թողեցին իրենց աշխատանքը եւ ընտանիքները եւ սկսեցին Մերիանի հետ եռանդուն կերպով պատրաստվել ուղեւորությանը: Երբ դեկտեմբերի 21-ի կեսգիշերն անցավ ու ոչինչ տեղի չունեցավ, խումբը շվարած նստած էր՝ ապրելով մեծագույն հիասթափություն: Եվ հանկարծ առավոտյան 4.45-ին եկավ «ռացիոնալացման պահը». Մերիանը Կլարիոն մոլորակից ուղերձ ստացավ, որ աշխարհի վերջ չի գալու՝ հենց այն պատճառով… որ իրենց խումբը դրան անկեղծորեն հավատում էր: Եվ դրանից հետո այդ խումբը սկսեց աջուձախ քարոզել, թե իրենք են աշխարհի փրկիչները: Հակառակ դեպքում ինչո՞ւ են նման զրկանքներ կրել:

Մարդիկ, հատկապես մարդկանց խմբերը, աղանդները, կուսակցությունները հակված չեն ընդունել, որ իրենց վարքն անհեթեթ է, որ իրենք «դասը լավ չեն սովորել»՝ նույնիսկ այն դեպքում, երբ «երկուս» են ստանում: Նրանք գերադասում են ապրել «բանական», հակասություններից զուրկ աշխարհում, որն ինչ-որ կերպ խցկվում է իրենց պատկերացումների (նախապաշարումների) շրջանակների մեջ: Մարդկային է: Կասեի նույնիսկ՝ չափից դուրս մարդկային:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան, մեր իրականության մեջ, ցավոք սրտի, “աղվեսների” ձգտումը ոչ թե ռացիոնալացման գնալով փորձում են փրկել իրենց դեմքը և սխալների ուղղում կատարել, այլ կերպարանափոխվում ու նորովի են ներկայանում հասարակությանը: Դրա վառ օրինակներից է տապալված կուսակցությունների ղեկավարների կողմից նոր անվանունով և նախկին կազմով հասարակությանը վերստին ներկայանալու փորձերը, որն իմ կարծիքով հետևանք է այսօրվա իրավիճակի արատավոր երևույթների: Իմ կարծիքով մեր ժողովուրդը հնարավորություն չունի “չսովորած դասի համար” երկուս նշանակել կուսակցապետերին, ղեկավարներին և հանրությանը ներկայացող ցանկացած անհատի, կամ իրենց նշանակած երկուսը չէ, որ որևէ ազդեցություն է ունենում իրավիճակի վրա: Ստեղծված իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս, ՀՀ նախագահից մինչև սահմանում բնակվող շինական, ընդ որում բոլորն էլ գիտակցում են, որ այսպես ապրել կամ ղեկավարել չի կարելի, սակայն, հավանաբար “աղվեսի” հոգեբանության ազդեցության ներքո, շարունակում են իրենց սև գործը:
    Իրավիճակը շտկելու համար պետք է, որ ժողովուրդը գնահատելու իրական հնարավորություն ունենա, իսկ սահմանադրության երաշխավոր հանդիսացող նախագահն էլ օրենքով սահմանված կարգով ապահովի գնահատականից բխող հետևանքները, որը ցավոք տեղի չի ունենում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031