Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնե՞լ «Ոչ»-ի ճակատի կողքին, թե՞ ոչ

Հոկտեմբեր 12,2015 14:00

Սահմանադրության բարեփոխումների
ընդդիմախոսների ճամբարը շատ խայտաբղետ է

«Ազատամարտիկների դաշինքը» դեռ չի որոշել` կկանգնի՞ «Ոչ»-ի ճակատի կողքին, թե՞ ոչ: Օրերս դաշինքը քաղխորհրդի նիստ է արել, կրքերը բորբոքվել են, բայց միասնական որոշման չեն հանգել: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց դաշինքի համակարգողներից Ռազմիկ Պետրոսյանը: Դաշինքի անդամները միանշանակ «դեմ» են սահմանադրական բարեփոխումներին: Վեճի պատճառը հենց «Ոչ»-ի ճակատի կողքը կանգնել-չկանգնելն է: Նախադեպեր ունեն` քառյակի կողքին կանգնեցին, այն շատ արագ դարձավ եռյակ, եռյակի կողքին կանգնեցին, եռյակը կեսճանապարհին մնաց: Չեն ուզում հասարակությանը զուր հույսեր տալ կամ հերթական անգամ հիասթափեցնել, խաբել: Մանավանդ որ՝ «Ոչ»-ի ճակատը դեռ այդչափ ներկայացուցչական եւ տպավորիչ չէ: Պայքարի ընթացքից կախված` դաշինքի անդամները կհստակեցնեն իրենց «տեղը» քաղաքական ասպարեզում: «Մեր դիրքորոշումը մեր մարտական ընկերներին մենք կփոխանցենք՝ «ոչ» ենք ասելու սահմանադրական փոփոխություններին: Հնարավոր է անգամ որոշում էլ չկայացվի, ու յուրաքանչյուրն ազատ լինի իր դիրքորոշումն արտահայտելու մեջ: Ով ուզում է՝ թող «Ոչ»-ի ճակատին միանա, ով չի ուզում` թող չմիանա»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինքը` Ռազմիկ Պետրոսյանը, «Ոչ»-ի ճակատի հետ համատեղ պայքարելու կողմնակից է: Ասում է, որ իր ամբողջ կյանքն է պայքար: Իր պայքարն էլ իշխանափոխության համար է:
Օրերս հրապարակվեց երկրորդ նախագահի հարցազրույցը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մեր հարցին` եթե Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ մի պահի որոշի կանգնել «Ոչ»-ի ճակատի կողքին, դա որեւէ ազդեցություն կունենա՞ Ռազմիկ Պետրոսյանի որոշման վրա, նա ասաց. «Ես որպես զինվորական եմ ասում` չի բացառվում, որ դա մարտավարություն է` իմանալով այդ մարդու (Ռոբերտ Քոչարյանի-Ն. Գ.) հանդեպ, մեղմ ասած, ոչ լավ վերաբերմունքը, որ ժողովուրդն այդքան էլ հակված չէ իր կողքը լինել, հնարավոր է՝ հենց պայմանավորվածությամբ է ամեն ինչ արվում, որպեսզի ժողովուրդը միանշանակ ընտրի չարյաց փոքրագույնի տարբերակը»: Ռազմիկ Պետրոսյանը պնդում է, որ իր համար միանշանակ է` սահմանադրական բարեփոխում կոչվածն ուղղված է իշխանության վերարտադրությանը. «Ու եթե ինչ-որ մեկին պիտի ինադ անենք ու ինչ-որ մեկի ներկայության համար թողնենք, որ իշխանությունները մշտական վերարտադրման հնարավորություն ունենան` ես չեմ պատկերացնում: Ինձ ոչ մի բան չի խանգարում: Էդ թիմում ո՞վ կլինի, ո՞վ չի լինի` ինձ համար առաջնային խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելով՝ նաեւ իշխանությանը «ոչ» ասենք»: Մեր զրուցակիցը միանգամայն տրամաբանական եւ արդարացված է համարում, որ Ռոբերտ Քոչարյանի «ոչ»-ը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված լինի, քանզի ինքը համոզված է` եթե հնարավոր լիներ առանց սահմանադրական փոփոխությունների իշխանությունը պահել, Սերժ Սարգսյանը չէր գնա այդ քայլին եւ իր համար ավելորդ գլխացավանք չէր ստեղծի: «Իրանք երկուսն էլ իշխանություն պահելու խնդիր ունեն: Եթե մեկը կասի, որ իրանք իրար դեմ են պայքարում… ես չեմ հավատում»:

Մինչ «Ազատամարտիկների դաշինքը», որն անցյալ տարի այս ժամանակահատվածում ջանում էր համախմբել քաղաքական դաշտը, դեգերումների մեջ է, «Ոչ»-ի ճակատում էլ ինչ-որ գործընթացներ գնում են: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խուսափում է դրանք բանակցություններ որակելուց, որոնք ուղղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելուն: «Ես մտքերի փոխանակություն կանվանեի, որը դաշտում շատ առկա է: Իմիջիայլոց ասեմ, որ շատ առողջ եմ համարում գործընթացը»: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը խորհրդարանում ընդունվեց 104 «կողմ» ձայնով, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հեգնեց՝ «Ոչ»-ականներին ասելով, թե խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ գոնե 55 հոգի հավաքվեին: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էլ որոշված է` դեկտեմբերի 6-ը: Ի՞նչ մտքեր են փոխանակում քաղաքական ուժերը, արդյոք չե՞ն ուշացել: «Չէ: Ինչո՞ւմն է խնդիրը: «Ոչ»-ի գործընթացն ավելի շատ իշխանությունն է կարեւորում, քան «ոչ» ասողները»,- նկատեց Արամ Կարապետյանը` հավելելով, որ, իր կարծիքով, հանրությունը շատ պասիվ է լինելու հանրաքվեի ժամանակ, ու որպեսզի ակտիվություն լինի, «Ոչ»-ի ճակատը պիտի ակտիվանա: Թե ի՞նչ կստացվի` ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծին խորհրդարանում 10 պատգամավոր «դեմ» քվեարկեց, 3-ը՝ «ձեռնպահ»: «Դեմ» քվեարկեցին Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Իսկապես, բարդ է այս մարդկանց նույն հարթակում պատկերացնել: Առավել եւս նրանց կողքին պատկերացնել Պարույր Հայրիկյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Հմայակ Հովհաննիսյանին եւ մյուս «ոչ»-ականներին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031