Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անչափահաս դատապարտյալներին պետք է տանել էքսկուրսիաներ, թանգարան, թատրոն

Հոկտեմբեր 12,2015 13:30

Անչափահաս դատապարտյալներին ուղղելու համար պետք է հնարավորինս կիրառել մշակութային ու կրթական միջոցառումներ՝ էքսկուրսիաներ, այցելություններ թանգարաններ, թատրոն, սպորտային միջոցառումներ հասակակիցների հետ: Մինչդեռ մեր քրեակատարողական հիմնարկները, որտեղ պահվում են երեխաներ, հեռու են միջազգային չափանիշներից: Երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում վերլուծելուց հետո այսպիսի եզրակացության են հանգել «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնագետները: Նրանց մտահոգություններն ու առաջարկությունները տեղ են գտել վերջերս հրապարակված «Երեխաների իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան» զեկույցում:

Անդրադառնալով անչափահաս դատապարտյալների պայմաններին, որոնք, զեկույցի հեղինակների դիտարկմամբ, մեծահասակ դատապարտյալների համեմատ բավականին բարվոք են, հեղինակները մեր երկրի արդարադատության ոլորտի պատասխանատուներին կոչ են անում հնարավորինս ձգտել ներդնելու եվրոպական բանտային պայմանները:
Կազմակերպության մասնագետները դիտարկել են նաեւ կալանքի ենթարկված ծնողի պարագայում երեխայի՝ ծնողին տեսակցելու հարցը: Երբ երեխան որեւէ չափահաս անձի ուղեկցությամբ այցելում է քրեակատարողական հիմնարկ ծնողի հետ տեսակցության, որեւէ խնդիր չի առաջանում: Սակայն եթե երեխան էլ առանց խնամքի մնալու պատճառով հայտնվել է պետական հաստատությունում, ապա տեսակցությունների իրականացումը բարդանում է, քանի որ քրեակատարողական հիմնարկներ ուղեկցելու եւ ծնողի հետ տեսակցություն կազմակերպելու պարտականությունը պետական հաստատության աշխատակցի վրա դրված չէ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ առհասարակ հատուկ հաստատություններում գտնվող երեխաների համար կենսապահովման պայմանները բավարար չեն՝ սկսած այդ շինությունների արտաքին տեսքից եւ վերջացրած անձնակազմի կողմից ցուցաբերվող մոտեցումներով. «Իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից պետք է ստանա ոչ միայն տարածք, որտեղ նա ժամանակավորապես կբնակվի, այլ նաեւ հատուկ աջակցություն ու օգնություն՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ու այդ իրավիճակից դուրս գալու համար»:

Ըստ նույն փաստաթղթի՝ երեխայի խնամքը իրականացնող հաստատություններում չկան անձնակազմի համար մշակված հատուկ կանոնակարգեր, որոնք կկարգավորեն երեխաների հետ հարաբերությունները՝ երեխաների պաշտպանության նպատակով. «Մասնագետները հիմնականում ընտրում են երեխաներին սաստելու, ենթարկելու ավտորիտար կառավարման այլ միջոցներ, եւ բոլոր հաստատություններում բավականին բազմազան է պատժաձեւերի զամբյուղը. անկյուն են կանգնեցնում, ականջն են քաշում, ծեծում են, հայհոյում են, մութ տեղում են պահում, դպրոցից հեռացնում են: Նաեւ ոչ ստանդարտ ձեւերի են դիմում՝ երեխաներին դասարանում անտեսում են, զրկում են հոգեբանի մոտ գնալուց, բարեւին չեն պատասխանում, ցածր գնահատական են դնում, ավելի շատ տնային աշխատանք են հանձնարարում»:

Մեկ այլ դիտարկմամբ էլ՝ մասնագետները պարզել են, որ հատուկ հաստատություններում երեխաների տեղավորման գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում է առանց բարդությունների, բայց երեխաների դուրս բերումն այդ հաստատություններից բավական դժվար գործընթաց է: Եվ երբեմն ծնողը, որը իրավունք ունի իր երեխային վերցնել հաստատությունից, դժվարությունների է հանդիպում: Եթե երեխան արդեն համարվել է առանց ծնողական խնամքի մնացած, ապա ծնողը նախեւառաջ պետք է ապացուցի երեխայի հանդեպ իր իրավունքները, նոր միայն վերցնի:

Զեկույցի մասնագետները գտնում են, որ գիշերօթիկ հաստատությունները պետք է վերափոխել այլ ծառայությունների, քանի որ այնտեղ պահվող երեխաների մոտ 80 տոկոսն ունի գոնե մեկ ծնող, ինչն ակնհայտ վկայում է, որ երեխայի խնամքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների առկայության, ֆինանսական եւ այլ աջակցության դեպքում ծնողը կիրականացներ իր պարտականությունները՝ առանց երեխային այդ հաստատություն հանձնելու:

Զեկույցը նաեւ փաստում է, որ սոցիալապես անապահով երեխաները խոցելի են կրթության հասանելիության տեսանկյունից՝ դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը հասնում է 35 տոկոսի. «Աղքատության եւ դպրոցում առաջադիմության միջեւ որոշակի կապ գոյություն ունի: Ցածր, միջին գնահատական ունեցող աշակերտները տանը չեն կենտրոնանում իրենց դասերի վրա եւ ավելի պակաս ժամանակ են ունենում տնային աշխատանքների վրա ծախսելու համար»:

Մեր երկրում կան պետական մի շարք բժշկական եւ սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք տրամադրում են անվճար ծառայություններ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն, ինչպես զեկույցի մասնագետներն են նկատել, այդ երեխաների մի մասն ընդհանրապես ընդգրկված չեն այդ ծրագրերում՝ չնայած որ Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանը կիրառում է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ, որը պետք է հայտնաբերի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին: Սակայն իրականում այս համակարգն արդյունավետ չի գործում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հայտնաբերման տեսակետից: Ըստ մասնագետների՝ հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ստանում դեղամիջոցներ իրենց տարածքային առողջության առաջնային օղակից, մինչդեռ անվճար դեղամիջոցների տրամադրումը կառավարության որոշմամբ անվճար է հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Խոսելով էթնիկ փոքրամասնությունների երեխաների իրավունքներից՝ մասնագետները խնդիր են համարում, որ դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ այսօր վիճակագրական շատ քիչ տեղեկություններ են հասանելի:

Հատկապես բացակայում են տվյալներ ըստ տարիքի, սեռի, բնակության վայրի, էթնիկ ծագման, կրոնական պատկանելության եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի:
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը Հայաստանին վերաբերող իրենց փաստաթղթում նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը բավականին մեծ է:
Նկատենք, որ կառավարության որոշմամբ 2012 թվականին հաստատվել են «Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016թթ. ռազմավարական ծրագիրը» եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Մասնագետները փաստում են, որ ռազմավարական ծրագրով հաստատված ցանկով սահմանված 84 միջոցառումներից 22-ը ֆինանսավորում չեն պահանջում, մնացած 62 միջոցառումներից կամ ծրագրերից մինչեւ 25-ի համար է սահմանված ֆինանսավորում՝ բացառապես պետական բյուջեի միջոցներից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արված դիտարկումների համաձայն՝ ռազմավարական ծրագրով եւ մյուս բոլոր ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցներ պահանջող միջոցառումներից շատերը կառավարության կողմից պլանավորում են այլ աղբյուրների հաշվին, ինչը վկայում է այն մասին, որ ծրագրերի մեծ մասը գտնվում է ռիսկային խմբում:
Ըստ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի դիտարկման՝ ռազմավարությամբ հաստատված ծրագրերը կախված են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից:

Նշենք նաեւ, որ մեր երկրում երեխաների իրավունքները խախտվում են նաեւ ընտանիքներում. «Սովորաբար ընտանիքում որոշումների կայացման գործում երեխայի մասնակցությունը սահմանափակվում է ժամանցի կազմակերպման, հագուստի, մասնագիտության ընտրության եւ ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրներով: Ընտանեկան այլ խնդիրները չեն քննարկվում երեխաների հետ, խնդրահարույց է այն, որ երեխաները կարծում են, որ իրենք պետք է չխառնվեն մեծերի գործերին: Երեխաները միտումնավոր չեն տեղեկացվում միավորումներ, ասոցիացիաներ ստեղծելու, երեխաների իրավունքների, ինչպես նաեւ համայնքային որոշումների կայացման հարցում երեխաների մասնակցության հնարավորության մասին, ընդհակառակը՝ նրանց առաջարկներին լուրջ չեն վերաբերվում կամ ստեղծում են արհեստական խոչընդոտներ՝ դրանք չիրականացնելու համար»,- իրենց զեկույցում նշում են «Սեյվ դը չիլդրենի» մասնագետները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031