Լրահոս
Օրվա լրահոսը

Խղճներիս մեղք չվերցնենք-2

Հոկտեմբեր 12,2015 12:30

Ամիսներ առաջ «Առավոտ» օրաթերթում եւ համանուն կայքում առիթ եմ ունեցել արտահայտվելու մայրաքաղաքում տիրող փողոցային երթեւեկության ելեւէջներին:
Այդ` «Խղճներիս մեղք չվերցնենք…» (27.02.14թ. հ. 36) վերտառությամբ մտորումներում բարձրաձայնել էի հետիոտն- վարորդ-ոստիկանություն եռամիասնության չլուծված խնդիրները, որի ամփոփ գնահատականն այն էր, որ ճանապարհային երթեւեկության ոլորտում մեր երկրում տիրում է տոտալ անգրագիտություն:

Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ Երեւանի քաղաքապետարանին եւ մեր ոստիկանությանը, որ հոդվածիս որոշ մտքեր հաշվի են առնվել` երթեւեկության ուղղություններ փոփոխելու առումով, որոնք իսկապես քչացրել են խցանումները եւ նյարդային պահերը:

Սակայն մտահոգող, չլուծված խնդիրները շարունակում են օրակարգային մնալ, անհանգստացնել ինձ, իսկ լուծումների փնտրտուքն անվերջանալի է թվում: Գուցե պարփակվեի մեջս, չբարձրաձայնեի դրանք, սակայն աչքովս ընկան մամուլի որոշ հրապարակումներ, որոնք ստիպեցին կրկին դիմել գրչի օգնությանը:

Պարզվում է, որ այսօր երթեւեկությանը վերահսկում է 283 «աչք»: Այսինքն՝ 1 տարվա ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի թիվն աճել է մոտ 3.5 անգամ:
Սակայն 17.4 տոկոսով աճել է նաեւ ՃՏՊ-ներից տուժածների թիվը: Մամուլում բերվում է նաեւ խախտումներից բխած գանձումների թիվը, սակայն դա մեր ժողովրդի սոցիալական ոչ բարվոք ոլորտին վերաբերող լուրջ խոսակցության թեմա է, որն այսօր անհանգստացնող է, սակայն առայժմ սույն մտորումներիս թեման չէ: Թեման այն է, թե ինչպես է ստացվում, որ այսքան «աչքի» պարագայում ՃՏՊ-ների թիվը ավելացել է: Էլեմենտար տրամաբանությունը հուշում է, որ սա անտրամաբանական է, ուսումնասիրության խիստ կարիք ունեցող պարադոքս է: Որքան էլ մատնանշենք մեր որոշ փողոցների նեղությունը, վերգետնյա եւ ստորգետնյա անցումների սղությունը, լուսացույցների ոչ ճիշտ կարգավորումը եւ այլն, միեւնույն է՝ գալիս ես այն եզրակացության, որ սրանք բոլորը ածանցյալ երեւույթներ են, իսկ «շան գլուխը» մի այլ տեղ է թաղված: Ուրեմն որտե՞ղ է այդ թաքստոցը:

Տեսեք, նշածս հետիոտն-վարորդ-ոստիկանություն եռանկյունում «արտոնյալ» վիճակում է առաջին դերակատարը՝ դա հետիոտն է, իսկ վերջին երկուսը, լավ թե վատ, «շղթայված» են` վարորդը 283 «աչքի» եւ ոստիկանության «դմբուզի», իսկ ոստիկանությունը՝ իր ղեկավարության «դմբուզի» ներքո:

Եկեք խոստովանենք, որ ըստ էության անտեր է մնացել հետիոտնական մշակույթը, որի մասին խոսել եմ «Առավոտի» նախորդ հոդվածում՝ բերելով ընդամենը մեկ օրինակ: Այն է, որ երկրագնդի մեծ, թե փոքր քաղաքներում անցյալ դարասկզբին ոստիկանությունն ամենօրյա ահռելի աշխատանք է տարել հետիոտնին կարգ ու կանոնի բերելու համար: Չմոռանանք ընտանիքի, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների դերը այս գործում: Այս ոստիկանություն- ընտանիք- կրթօջախ –հ/կ քառյակում քիչ թե շատ ոստիկանությունն է ինչ- որ բան անում, մյուսների արդյունքը խիստ անբավարար է: Տեսեք, թե ինչպես է փողոցն անցնում հետիոտնի անբարեխիղճ, անգրագետ մասը` կարմիր լույսի տակ բջջայինը ականջին կամ համար հավաքելիս, հանգիստ զրուցելիս: Տեսեք, թե նրանք ինչպես են անցնում չկարգավորվող անցումներով, իրենց ուղղակի գցելով մեքենայի տակ, որի պատճառով բազմաթիվ վրաերթներ եւ մեծ ու փոքր վթարներ են տեղի ունենում: Եթե նշենք նաեւ այն, որ երթեւեկության կանոններից անտեղյակը օրվա որեւէ հատվածում նաեւ կարող է վարորդի վերածվել, ապա իրեն բնորոշ անտարբեր ու անտեղյակ վարքագծով դառնում է ողբերգության հեղինակ:
Կարծում եմ, որ հենց այստեղ էլ թաղված է «շան գլուխը»:

Ուրեմն՝ ի՞նչ անենք: Ասում են՝ ցանկացած նորը լավ մոռացված հինն է: Եկեք վերականգնենք հին ու բարի ժամանակների մոտեցումները: Հիշում եմ, որ բոլոր ուսումնական հաստատություններում ավտոպետտեսչության աշխատակիցները, գործի վետերանները, հասարակական կարգով, ուսումնական ծրագրերով պահանջվող մշտական դասընթացներ են անցկացրել (ճատրակի հաջողված օրինակով): Հիմա դա արվում է հախուռն տարբերակով:

Հիշողոթյանս մեջ են նաեւ կրթօջախների բակերում կառուցված «ավտոդրումները», ու տեղադրված էին երթեւեկության բոլոր պարագաները, եւ երեխաները գործնական հմտությունների էին տիրապետում: Հարկավոր է նաեւ թողարկել կարճ տեսահոլովակներ, ուր ծաղրվում են փողոցային երթեւեկության խախտողները: Սրանք նվազ ծախսատար պարագաներ են, եւ նրանց ստեղծումը բնավ չի հարվածի քաղաքապետարանի, կրթության եւ գիտության նախարարության եւ ոստիկանության բյուջեներին: Հասարակական կազմակերպություններն էլ թող իրենց գրանտներից գումար հատկացնեն այս գործին: Ընտանիքներում էլ այս առարկան պետք է համարեն ամենակարեւոր առարկան իրենց երեխաների եւ թոռների համար: Այս գործի հապաղումը ուղղակի հավասարազոր է հանցագործության՝ թե՛ այսօրվա եւ թե՛ ապագա սերնդի նկատմամբ, իսկ իրականացնելը` հավասարազոր է խղճներիս մեղք չվերցնելուն…

ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Շնորհակալություն շատ ակտուալ թեմայի համար
    /Տեսեք, թե ինչպես է փողոցն անցնում հետիոտնի անբարեխիղճ, անգրագետ մասը` կարմիր լույսի տակ բջջայինը ականջին կամ համար հավաքելիս, հանգիստ զրուցելիս:/
    Իսկ տեսեք, թե ինչպես է ավտոմեքենան վարում անգրագետ, երթևեկության կանոններից գաղափար չունեցող /իհարկե նրան վարորդական իրավունք տվող կազմակերպության մեղքով/, ծխախոտը բերանին, բջջայինը ականջին, ռաբիզը միացրած, անբարեխիղճ վարորդների մասը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031