Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծերին բնորոշ է համեստությունը

Հոկտեմբեր 12,2015 11:30

Տիգրան Մանսուրյանը երիտասարդ ստեղծագործողի հետ
նույն երեկոյին հնչելու բարդույթ չունի

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի հերթական երեկոյի հայտագրի խորագիրն է «Նվիրում Տիգրան Մանսուրյանին»: Հոկտեմբերի 13-ին կայանալիք համերգում կներկայացվեն Բեթհովենի (op. 104), Մոցարտի (kv 406) լարային կվինտետները, Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ դաշնամուրի թիվ 1 սոնատը: Երիտասարդ ստեղծագործող Գոռ Հովհաննիսյանն էլ առաջին անգամ կներկայացնի իր թիվ 1 կվարտետը: Այս ծրագրի մտահղացման եւ իրականացման հեղինակներն են խմբավար, Կոմիտաս թանգարան- ինստիտուտի փոխտնօրեն Սարինա Ավթանդիլյանը, դաշնակահար Վարդուհի Մինասյանը եւ ալտահար Գոռ Հովհաննիսյանը:

«Առավոտը» փորձեց երաժիշտներից տեղեկանալ, թե Բեթհովենի, Մոցարտի, Մանսուրյանի ստեղծագործությունները վերջին անգամ ե՞րբ են հնչել մեզ մոտ, քանի որ հաճախ մասնագետները, նաեւ հանդիսատեսը տրտնջում են, թե Հայաստանում ներկայացվող նույնիսկ դասական երաժշտարվեստի գոհարները տարբեր կոլեկտիվների ու անհատների կողմից հաճախակի են մատուցվում: Ակնհայտ է, որ հանդիսատեսը ցանկություն ունի ոչ միայն լսելու համաշխարհային կոմպոզիտորական արվեստի ընտիր նմուշները, այլեւ ծանոթանալու հայազգի եւ օտարազգի թեկուզեւ ոչ հայտնի կոմպոզիտորների երկերին: Բեթհովենի եւ Մոցարտի կվինտետներն, օրինակ, որ հնչելու են այդ երեկոյին, որոշ մասնագետների փաստմամբ՝ Երեւանում հնչել են շուրջ կես դար առաջ: Ինչ վերաբերում է Մանսուրյանի սոնատին, որը գրվել է 1963թ., «Առավոտի» հետ զրույցում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները հավաստիացրին, թե դա մանսուրյանական այն երկերից է, որը ընդգրկված է կոնսերվատորիայի ուսումնական ծրագրում:

Տեղեկացնենք, որ համերգին մասնակցում են դաշնակահար Վարդուհի Մինասյանը, ջութակահարներ Աննա Մարգարյանը, Անի Արաբյանը, ալտահարներ Գոռ Հովհաննիսյանը, Արփինե Մարկոսյանը, թավջութակահար Արփինե Պետրոսյանը:

Տիգրան Մանսուրյանի սոնատը, որը բազմիցս հնչել է արտերկրում, վերջին անգամ էլ 2014թ. Երեւանում է կատարվել: Մասնագետների բնորոշմամբ՝ դա այն ստեղծագործությունն է, որը նշույլ անգամ շեղում չունի կոմպոզիտորի ստեղծագործական ձեռագրից: Իսկ Մանսուրյանը ԽՍՀՄ ժամանակակից երաժշտության առաջին ռահվիրաներից է, ով կոմպոզիցիոն հնարներ է ներմուծել հայ դասական երաժշտարվեստ:
Քանի որ Տիգրան Մանսուրյանին միանշանակ ներկայացնելու հարկ չկա, հետաքրքրվեցինք նրա հայաստանյան եւ արտերկրյա առաջիկա ծրագրերից: «Նոյեմբերի 20-21-ին Ֆրանկֆուրտում, տեղի կոլեկտիվների եւ մեներգիչների մատուցմամբ հնչելու է ռեքվիեմս, որը վերջին երկու տարիներին կատարվել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Հարավային Կորեայում: Առայժմ այսքանը»,- ասաց կոմպոզիտորը:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայանալիք առաջիկա համերգի առիթով մեր դիտարկումը, թե իր որոշ կոլեգաներ, այդ թվում՝ ճանաչված, տեսնելով, որ երեկոյի ընթացքում հնչելու է նաեւ երիտասարդ ստեղծագործողի որեւէ գործ, հրաժարվում են իրենցը մատուցելուց: Գուցե չեն բարձրաձայնում, բայց դա ասում է այն մասին, որ ուղիղ ասած՝ ի՞նչ գործ ունի երիտասարդի գործը իմ՝ անվանիի հետ նույն երեկոյին հնչելու: Տիգրան Մանսուրյանի պատասխանը հակիրճ էր. «Ինձ անծանոթ են նման մտայնությունները»: Ասենք նաեւ, որ մասնագետների ձեւակերպմամբ՝ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են իրենց արտահայտիչ մեղեդիներով ու տպավորիչ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տիգրան Մանսուրյանը՝ Վարդուհի Մինասյանի եւ Գոռ Հովհաննիսյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031