Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Համամասնական խառնաշփոթ

Հոկտեմբեր 12,2015 12:00

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի երրորդ հանրապետությունում գրանցված առաջին կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է, որն այսօր, փաստորեն, իշխանության կուսակցությունն է հանդիսանում: Հանրապետական կուսակցությունը հիմնադրվեց խորհրդային տարիների քաղբանտարկյալ Աշոտ Նավասարդյանի առաջնորդությամբ, ով, փաստորեն, այդ կուսակցության իշխանություն լինելը չտեսավ ու չվայելեց:

Ամենասկզբում՝ իննսունականների սկզբներին, Հանրապետական կուսակցությունն ամենաարմատական ընդդիմությունն էր, բայց իննսունականների կեսերից, ընդգրկվելով «Հանրապետություն» բլոկում, փաստորեն դարձավ իշխանամետ կուսակցություն:
Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ՝ անկախացող Հայաստանում կազմավորվեցին մի շարք կուսակցություններ. Հանրապետական կուսակցությանը հաջորդեցին ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ՔԴՄ-ն, ՍԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը եւ ուրիշներ, իսկ անկախությունից հետո դրանց թիվը բազմապատկվեց: Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի տարաձայնությունների արդյունքում ՀՀՇ-ից անջատվեց եւ իբրեւ առանձին կուսակցություն կազմավորվեց նաեւ ԱԺՄ-ն:

Փաստորեն, նշածս բոլոր կուսակցություններն ընդգրկված էին Գերագույն խորհրդի կազմում, եւ չնայած Գերագույն խորհրդի ընտրություններում ժողովուրդը ՀՅԴ-ին ու ՀՌԱԿ-ին չէր ընտրել, վերջիններիս ներկայացուցիչները պատգամավոր ընտրվելով՝ շուտով կազմավորեցին համապատասխան խմբակցություններ: Ինչքան էլ տարօրինակ է, խորհրդարանական այդ առաջին ընտրությունները մեր խորհրդարանի պատմության մեջ ամենաարդարն էին, եւ պատահական չէր, որ ընդհանուր առմամբ Գերագույն խորհրդի պատգամավորներն իրենց ինտելեկտուալ մակարդակով զգալիորեն գերազանցում էին Ազգային ժողովի հետագա գումարումների պատգամավորներին: Տարօրինակ ենք ասում, որովհետեւ Գերագույն խորհրդի այդ ընտրությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը դեռեւս չէր փլուզվել, եւ չնայած ընդդիմության բացարձակ լիդերը ՀՀՇ-ն էր, եւ չնայած որոշ ՀՀՇ-ականներ առաջ էին քաշում «պոլի փետ լինի, միայն թե՝ ՀՀՇ-ական լինի» կարգախոսը, այդուհանդերձ՝ այդ ժամանակվա գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրվեցին ու ընդգրկվեցին դեռեւս Գերագույն խորհուրդ կոչվող մարմնի այդ ամենավերջին գումարման կազմում: Կոմունիստները՝ ներառյալ: Այն ժամանակ դեռեւս հանրապետության նախագահ չունեինք, եւ կառավարությունն ու Գերագույն խորհուրդը բացարձակ իշխանություն էին: Ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն քննադատական ելույթներ էին ունենում, այլեւ լիարժեքորեն մասնակցում էին երկրի կառավարման գործընթացին, մանավանդ որ՝ ընդդիմությունը Գերագույն խորհրդում մի քանի հանձնաժողովների նախագահներ ու փոխնախագահներ ուներ, իսկ Գերագույն խորհրդի հանձնաժողովների նախագահներն իրենց դերով ու կշռով ամենեւին չէին զիջում համապատասխան նախարարությունների նախարարներին:

Մի խոսքով՝ իսկական բազմակուսակցական վիճակ էր, եւ շուտով բոլորը հասկացան, որ եթե ուզում ես երկրի քաղաքականությանն ու կառավարմանը մասնակից լինել, նախեւառաջ պիտի կուսակցություն ու կուսակցական լինես: Այդ պահից սկսած՝ Հայաստանում սնկի պես բազմացան կուսակցությունները՝ հասնելով մոտ հարյուրի: Բայց արդեն ուշ էր. դաշտն արդեն լիովին զբաղված էր, եւ 95-ին Ազգային ժողով թափանցեցին բացառապես այն կուսակցությունները, որոնք Գերագույն խորհրդում արդեն կային:
Նրանցից բացի, հետագայում ստեղծված տասնյակ կուսակցություններից խորհրդարան մտան միայն ՀԺԿ-ն, ՕԵԿ-ը, «Ազգային միաբանությունը», «Հանրապետությունը», «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատները») եւ ԲՀԿ-ն:

Խորհրդարան մտած նորերի թվում ՀԱԿ-ին չենք նշում ոչ միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը, ըստ էության, ՀՀՇ-ն էր, այլեւ այն պատճառով, որ ՀԱԿ-ը խորհրդարան մտավ իբրեւ կուսակցությունների դաշինք:

Դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք ու բովանդակություն կունենա գալիք խորհրդարանը, եւ ինչքանով ընդդիմությունը ներկայացված կլինի գալիք խորհրդարանում, բայց նախորդ ընտրությունների փորձից կարելի է ենթադրել, որ Ազգային ժողովի հաջորդ գումարման կազմում հիմնականում կներկայացվեն այն ընդդիմադիրներն ու կիսաընդդիմադիրները, որոնց խորհրդարան մտնելն իշխանությունները կցանկանան: Եթե, իհարկե, ամեն ինչ այսպես շարունակվի, եւ անկանխատեսելի ու արտառոց իրադարձություններ տեղի չունենան:

Եթե արտառոց ու անկանխատեսելի իրադարձություններ չլինեն, խորհրդարանում դժվար թե նոր կուսակցություններ հայտնվեն: եթե առաջիկայում Օսկանյանը կուսակցություն ստեղծի, հնարավոր է՝ մի քանի մանդատ ստանան: Ըստ ամենայնի, Նիկոլի ու Սասուն Միքայելյանի կազմակերպությունն էլ ներկայացված կլինի գալիք խորհրդարանում: Եվ եթե երիտասարդ քաղաքացիականներն առաջիկայում կուսակցության պես մի բան ստեղծեն, նրանք էլ հավանաբար խորհրդարանում տեղ կունենան: Հնարավոր է՝ սեֆիլյանականներին էլ մի քանի մանդատ հասնի: Եթե, իհարկե, սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացվեն:
Այնպես որ, ներկայիս ընդդիմադիրների ու կիսաընդդիմադիրների գործերը շատ բարդ են: Նրանք մի կողմից՝ պիտի անողոք քննադատեն իշխանություններին, որպեսզի ընտրողներից որոշակի ձայներ ստանան, բայց պիտի այնպես քննադատեն, որ հանկարծ իշխանության սեւ ցուցակում չհայտնվեն: Նրանք պիտի սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասեն, բայց այնպես պիտի «ոչ» ասեն, որպեսզի սահմանադրական փոփոխություններն ի կատար ածվեն եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացվեն:
Մանավանդ որ՝ իրենք մեծամասնականով ընտրվելու ոչ մի շանս չունեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031