Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի խմբային մրցաշարի վերջին տուրում այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:3 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն եւ «I» խմբում պայքարն ավարտեց վերջին հորիզոնականում: Մեր թիմն անցկացրած ութ հանդիպումներում չտարավ ոչ մի հաղթանակ: Դրա փոխարեն կրեց վեց պարտություն եւ միայն երկուսում ոչ-ոքի արեց: Իսկ Ալբանիան 2-րդ տեղով Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց:
Երեկվա մամուլի ասուլիսում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նշել էր, որ մենք Եվրո 2016-ում մենք խնդիր չունենք լուծելու եւ չէր բացառել պարտություն այսօրվա հանդիպումում: Սակայն խոստացել էր, որ կանեն հնարավոր ամեն բան՝ սեփական հարկի տակ վերջին հանդիպումում գեղեցիկ խաղ ցույց տալու եւ հաղթելու համար:
Ինչպես ցույց տվեց հանդիպումը, Սարգիս Հովսեփյանը ճիշտ էր միան առաջին հարցում՝ լուծելու խնդիր չունենք, իսկ խոստումներում սխալվել էր: Մեր Հավաքականն ամբողջ խաղն անցկացրեց չափազանց վատ: Խաղից հետո ավանդական ասուլիսում, որը պայմանականորեն կարելի է այդպես անվանել, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն էլ դա խոստովանեց:
Կարդացեք նաև
«Չեմ ուզում երկարացնել: Ուղղակի կարճ հայտարարություն եմ ուզում անել: Հարցերի պատասխան, ինձ թվում է, չի կարող լինել՝ այնքան վատ էր ամեն ինչը: Մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Այսօր դաշտում տեսա մեկ թիմ, դա Ալբանիայի հավաքականն էր: Մենք բոլորս այսօր շատ վատն էինք, Անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Այսպիսի խաղերից հետո շատ դժվար է մարզչի համար, քանի որ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է», – հայտարարեց Ս. Հովսեփյանն ու հեռացավ:
Մինչեւ հանդիպման սկսվելը ֆուտբոլասերները սկզբում տրիբունայում պարզել էին «Հաղթանակը սկսվում է օրհներգից» հորդորով պաստառ, իսկ խաղի ընթացքում դրան ավելացրին եւս մեկը՝ «Պահանջում ենք մարզիչ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ