Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում նշեցին բերքի տոնը

Հոկտեմբեր 11,2015 22:04

Այսօր մեր Արցախ աշխարհի համար մեծ նշանակություն ունի պարենային անվտանգության ապահովումն այն առումով, որ դեռ գտնվում ենք պատերազմական շրջանում, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել է պարտադրում: Եվ պետք է արժանին մատուցել հաց ու բարիք ստեղծող, արարող մեր ժողովրդին: Իսկ արտադրանքը պետք է նաև իրացվի: Այս նպատակով յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի առաջին կեսին, Արցախի իշխանությունները մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում են Բերքի տոն: Այս անգամ գեղեցիկ միջոցառումը կայացավ հոկտեմբերի 11-ին՝ Վերածննդի հրապարակում: Բազմաթիվ գեղեցիկ ու սպիտակ տաղավարները տրամադրվել էին հանրապետության բոլոր շրջանների բարիք ստեղծողներին, ովքեր շուկայականից ցածր գներով  վաճառում էին գյուղատնտեսական տարբեր տեսակի ապրանք: Տոնավաճառի ընթացքում շրջեցի հրապարակում, զրուցեցի կազմակերպիչների, վաճառողների, գնորդների հետ: Իրենց արտադրանքն էին ներկայացրել նաև հանրապետությունում գործող գյուղմթերք արտադրող պետական ու բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվության ընկերությունները անհատ ձեռներեցները:

Օրվա առաջին կեսին տոնավաճառ այցելեց երկրի Նախագահ Բակո Սահակյանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Պարգև Սրբազանը օրհնեց հայրենի հողի մշակի արտադրած բերքն ու բարիքը, մաղթեց առատություն, հայ զինվորին տոկունություն, մեր ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում: Արցախի Նախագահը շրջեց տոնավաճառում, զրուցեց բարիք ստեղծողների հետ, հետաքրքրվեց խնդիրներով: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արա Մխոյանն ասաց. «Այս տարի ավելացել է ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են հանրապետության բոլոր շրջաններից մոտ 200 համայնքներ՝ 450- 500 մեքենաներով: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»: Այնուհետև ուրախությամբ ավելացրեց՝ գերազանց է տպավորությունը տոնավաճառի ընթացքից՝ ասելով, որ մասնակիցների 50-60 տոկոսը կազմում են տարեցտարի շենացող Քաշաթաղի շրջանի բնակիչները:  Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն ասաց, որ  այս տարի շրջանը տոնավաճառին նախատեսված 206-ի փոխարեն ներկայացել է 300 ավտոմեքենայով՝ բերելով ավելի քան 50 ապրանքատեսակ:

Տոնավաճառին մասնակցում են բոլոր 54 համայնքները: Ուրախությամբ հավելեց. «Գյուղատնտեսական տարին նախորդ 2 տարիների համեմատ բարեհաջող էր, հատկապես հացահատիկային մշակաբույսերի առումով: Միջին բերքատվությունը շրջանի 15 հազ. հեկտարի հասնող հացահատիկային ցանքատարածքներում կազմել է 28 ցենտներ: Շրջանում տարեցտարի ընդլայնվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները»: ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առուստամյանը տեղեկացրեց, որ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող տոնավաճառին, որը նվիրված է Գյուղատնտեսության աշխատողի օրվան, այս տարի մասնակցում են հանրապետության բոլոր շրջանները: Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանն ասաց, որ կարևոր նախաձեռնություն է տոնավաճառը, և իրենց շրջանը ներկայացել է բոլոր համայնքներով՝ յուրաքանչյուրից 7-8 ընտանիք: Հերոսական Քարին Տակի համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ներկայացել են 4 մեքենայով, բերել են մեղր և բանջարեղեն: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենց շրջանից տոնավաճառին մասնակցում են 13 համայնք՝ 42 մեքենայով: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրյանի տեղեկությամբ, բացի բոլոր համայնքների բնակիչներից, տոնավաճառին մասնակից են նաև իրենց շրջանում գործող գյուղատնտեսական ձեռնարկությունները: «Հադրութի շրջանից տոնավաճառին մասնակցում է 14 համայնք», -ասաց շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը՝ կարևորելով նաև արտադրող ձեռնարկությունների ներկայությունը:

Շրջանի Մեծ Թաղեր գյուղում գործող «ՄԹԱԳ» ՍՊԸ-ն ներկայացնում էր «ԿԱԺ» մակնիշի օղիներ՝ թթի, հոնի և մոշի, ինչպես նաև մուրաբաներ:  Տնօրեն Գարիկ  Ոսկանյանը տեղեկացրեց, որ ձեռնարկությունն ընտանեկան է, արտադրում են նաև գորգեր: Այստեղ իրար հարևանությամբ ներկայացված էին տարբեր կազմակերպությունների արտադրած ապրանքները: Մարտունու շրջանի Սարգսաշենում գործող «Ոսկե կաթիլ» ընկերությունը ներկայացրել էր կտավատի, հլածուկի և արևածաղկի ձեթ, որոնց հումքի հիմնական մասը նույնպես արտադրվում է ընկերության կողմից և էկոլոգիապես մաքուր է: Ընկերության իրացման բաժնի պետ Արսեն Իսրայելյանն ասաց, որ ձեթից մնացած ավելցուկը նույնպես մշակում են որպես անասնակեր և այլ նպատակներով: Տեղեկացրեց նաև՝ ձեռնարկությունում աշխատում են մոտ 350 աշխատող:   Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող «Գոլդեն Ֆիշ» ընկերությունը 1 տարվա պատմություն ունի: Տնօրեն Արմեն Չալյանը համոզված է, որ ծրագիրը կիրականանա, և մի քանի տարի անց այստեղ խավիար կարտադրվի՝ կարևորելով այն, որ տեղում ծնված ձկնիկները հաջողությամբ են մեծանում: «Ասմարյան եղբայրներ» ՍՊԸ-ն գտնվում է Ասկերանի շրջանի Բերքաբեր(նախկին Հասանաբադ) գյուղում, զբաղվում է տարբեր մրգատեսակների արտադրությամբ: Եղբայրները 5 տարի առաջ են  եկել Սիրիայից՝ բերելով ծառատեսակներ: ՍՊԸ տնօրեն և փայատեր Վրեժ Ասմարյանը նշեց, որ ցիտրուսային ծառերն աճում են փակ պայմաններում, իսկ մնացածը, այդ թվում նաև ձիթենի, դրսում: Բացի տաղավարների ու բերքի առատությունից՝ Քաշաթաղի շրջանը, ինչպես ամեն տար, այս անգամ էլ կազմակերպել էր հյուրասիրություն և ներկայացել գեղեցիկ ցուցադրական տաղավարով, որի մոտով քչերն անտարբեր անցան: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տաղավարին մոտեցան «ԱՐԻ» ծրագրի ներկայացուցիչները: Մասիս Ալեքսանդրյանն ու Բենիամին Բչաքջյանը ոգևորված էին ու ուրախ՝ տեսնելով նման իրադարձություն: «Շատ կարևոր միջոցառում է, ժողովրդի մի մասը կարողացել է վաճառքի հանել իր արտադրանքը, իսկ գնորդներն էլ համեմատաբար էժան և ամենակարևորը՝ էկոլոգիապես մաքուր սնունդ են գնում», ասաց Մասիսը՝ հավելելով, որ աշխարհի ոչ մի երկրում չկա նման անմիջական կապ երկրի ղեկավարության ու բնակչության միջև, ինչպիսին Արցախում է:

«Շեն» կազմակերպության ներկայացուցիչ Սենիկ Օշին-Եղիազարյանն էլ ասաց, որ վերաբնակեցման առաջին տարիներից օժանդակել են Քաշաթաղի ու Հադրութի մի քանի գյուղերի կայացման գործընթացին: Քաշաթաղի շրջանի Քաշունիքի գյուղական համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանը, ներկայացնելով իրենց տաղավարները, ասաց, որ վաճառքի են բերել նաև նորություններ՝ «Կիվատ» և «Ֆիզալիս» մրգատեսակներ: Համայնքից տոնավաճառին մասնակցում էին 5 ընտանիք՝ բերելով մոտ 2 տ տարբեր տեսակի բերք ու բարիք:  Բացի գյուղական համայնքներից, Քաշաթաղի շրջանը ներկայացնում էին շրջկենտրոն Բերձորից, Կովսական, Միջնավան և Որոտան քաղաքների բնակիչները: Օրվա ընթացքում հրապարակում հանդես եկան նաև հանրապետության շրջանների մշակութային խմբերն ու անհատները:

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031