Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նմանություններ կան Սերժ Սարգսյանի ու Նապոլեոն Բոնապարտի պատվիրած Սահմանադրությունների միջեւ   

Հոկտեմբեր 11,2015 17:45

Aravot.am-ը պատմաբան-իրանագետ Հովհաննես Խորիկյանից կարծիք հարցրեց սահմանադրական փոփոխությունների մասին, որին ի պատասխան վերջինիս մի հետաքրքիր պատմական դրվագ մեջբերեց Նապոլեն Բոնապարտի գործունեությունից:

«Հայ ժողովրդի համար անկախությունը և պետականությունը, ցավոք, դրանց բացակայության ժամանակ միշտ էլ բարձրագույն արժեքներ են եղել: Սակայն այսպիսի անկախության մասին, հարկավ, չենք երազել: Հայաստանի ներքաղաքական ծանր վիճակը, արտաքին սպառնալիքները, երբ պետության առջև ծառացած են բազում օրհասական խնդիրներ, պարզվում է, սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կարող են ի չիք դառնալ: Հերթական անգամ տեսնում ենք, որ մեր երկրում անձնական բարօրությունը վեր է հանրային բարիքից: Ժողովրդից անջրպետված վերնախավի համար անտիկ բնութագրումը` «հարստությունը պատվի փոխարեն», դարձել է գործունեության միակ հավատամքը: Հայաստանում անկախության ձեռքբերումից ի վեր ցանկացած վերափոխում, դեռ կյանքի չկոչված, զավեշտորեն համարվում է բարեփոխում: Հիմա էլ, պարզվում է, «հանուն Հայաստանի» իրականացվող սահմանադրական փոփոխությունները մի հարվածով կլուծեն պետության անհաջողությունների պատճառ «գորդյան հանգույցը»:

Այս առումով տեղին է հիշել պատմական հետևյալ փաստը.Նապոլեոն Բոնապարտը VIII տարվա ֆրիմերի 22-ի (1799 թվականի դեկտեմբերի 13-ի) Սահմանադրությունը կազմելիս իրավաբաններին խորհուրդ տվեց գրել «կարճ և անորոշ»: Անկասկած, Սահմանադրությունում կային բազմաթիվ առաջադիմական հոդվածներ, սակայն առաջին հերթին այն ուղղված էր առաջին կոնսուլի` քաղաքացի Նապոլեոնի անձնական իշխանության ամրապնդմանը: Եվ, ահա, ըստ փարիզյան թերթերից մեկի հայտնի պատմության, ինչպես ընդունեց հասարակ ժողովուրդը նոր սահմանադրությունը, երբ մունետիկները դրա տեքստը հրապարակեցին փողոցներում ու հրապարակներում. մի կին ասաց մյուսին. «Ես ուշադրությամբ լսեցի, բայց ոչինչ չհասկացա»: «Իսկ ես,-պատասխանեց մյուսը,-ոչ մի բառ բաց չթողեցի»: «Ուրեմն ի՞նչ է տալիս Սահմանադրությունը»: «Նա տալիս է Բոնապարտ»: Ահա և ողջ ճշմարտությունը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031