«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին և երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին:
Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ սրտացավ աշխատանքի ու նվիրումի համար, ընդգծելով, որ նաև նրանց շնորհիվ է, որ Երևանն այսօր ավելի ճանաչելի է աշխարհում: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ Երևանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը լրացուցիչ խթան կդառնա կրկնակի նվիրումով և սրտացավությամբ հանուն Երևանի ու երևանցու բարօրության գործելու և արարելու համար:
Երեւանի քաղաքապետարան